Շարմազանովն առաջարկել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն կազմակերպել
«Առաջարկում եմ ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ տարվա առթիվ Բունդեսթագում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելի հետ հանդիպմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ԳԴՀ Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար և այս համատեքստում անդրադարձել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության կանխման և պատժման կոնվենցիային», որի 70-րդ տարին լրանում է եկող տարի:
Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է ԼՂ հակամարտության առանձնահատկությունները. «Արցախն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային միությունից: Արցախի ժողովուրդը Խորհրդային միությունից անջատվել է այն նույն օրենքների շրջանակում, ինչ ԽՍՀՄ մնացած երկրները, որոնց մի մասն այսօր Եվրամիության անդամ է»: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են խնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմնված բանակցային գործընթացի վրա, ինչից, ըստ զրուցակիցների, համառորեն խուսափում է Ադրբեջանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և հույս հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի Հայաստանի համար կարևոր այս փաստաթուղթը: Ըստ նրա՝ Հայաստանն ընթանում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները համադրելու, այլ ոչ թե հակադրելու ճանապարհով:
«Հայաստանը ցույց տվեց, որ ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, և ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է լինեն շարունակական»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան