«Կոնվերս բանկ»-ից հափշտակված 200 հազար դոլարը չի հայտնաբերվել. «Ժողովուրդ»
Դեկտեմբերի 17-ին՝ «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության դեպքից երկու և կես ամիս անց հայտնաբերվել է հիմնական մեղադրյալը՝ 29-ամյա Պյոտր Ցիգանկովը: Նա հայտնաբերվել է հարևան Վրաստանում։
Փոխարենը չի հայտնաբերվել 200 հազար դոլար գողոնը, և «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավաբանները պնդել են, որ շատ այլ գործերով գողոնների նման դրանք չեն էլ հայտնաբերվի, քանի որ Ցիգանկովը հասցրել է մի մասը մսխել, մի մասն էլ հավանաբար Վրաստանից մտերիմների անունով հաշվեհամարներին փոխանցել։
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Ցիգանկովի հայտնաբերումը մեծ ոգևորություն է առաջացրել այս գործով կալանավորվածների շրջանում։ Նրանք իրենց մտերիմներին ասել են, որ Ցիգանկովին հայտնաբերելուց հետո շատ հարցերին պատասխաններ կտրվեն, և կապացուցվի, որ իրենք կապ չունեն հափշտակության հետ։