Զբոսաշրջության ոլորտում համար մեկ խնդիրը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է. Զարմինե Զեյթունցյան
Զբոսաշրջության ոլորտում համար մեկ խնդիրը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Քանի դեռ արտասահմանում հայերին հարցնում են՝ «որտեղից եք» ու «Հայաստան» պատասխանը լսելիս ասում են՝ արդյոք դա Ալբանիան է կամ Ռումինիան, իսկ հետո հետաքրքրվում են՝ այն որտեղ է գտնվում, դա նշանակում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- նշեց կոմիտեի ղեկավարը:
Զարմինե Զեյթունցյանի խոսքով, երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ամենալավ գործիքներից է լրագրողական այցերի կազմակերպումը: Ըստ նրա՝ մեկ տարվա ընթացքում Հայաստան են այցելել 11 երկրներից լրագրողներ, ճանաչողական այցերի արդյունքում տպագրվել է շուրջ 100 հոդված, պատրաստվել է 12-ից ավելի հեռուստաֆիլմ ու հաղորդում:
Նա նաև կարևորեց թվային տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում հաջողության հասնելու համար. «Զբոսաշրջության զարգացումը սկսվում է ոչ երկրի ներսից, երբ զբոսաշրջիկն արդեն Հայաստանում է, այլ այնտեղից, որտեղ ինքն ապրում է և դեռ որոշում չի կայացրել Հայաստան այցելել: Մեր նպատակն է թվային տեխնոլոգիաների միջոցով Հայաստանը ներկայացնել թիրախային շուկաներին»:
Զարմինե Զեյթունցյանը նշեց նաև, որ այս տարի մշակվել է ավելի քան 10 իրավական ակտ, այդ թվում՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, Զբոսաշրջության զարգացման 2017-2022թթ հայեցակարգը և այլն:
Ներկայացնելով թվային տվյալներ՝ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ 2017թ-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 172 402 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21%-ով ավելի է:
«Կարող ենք ասել, որ սա աննախադեպ աճ է, քանի որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, եթե երկիրը զբոսաշրջության ոլորտում գրանցում է 9-12 տոկոս աճ, համարվում է աննախադեպ», - ասաց Զարմինե Զեյթունցյանը` հավելելով, որ տարին կավարտվի 20-21%-ի աճով և կհատվի 1,5 զբոսաշրջիկի սահմանը:
Ըստ նրա՝ թեև սա գոհացուցիչ արդյունք է, սակայն բավարար չէ, քանի որ Հայաստանի ենթակառուցվածքները թույլ են տալիս այս պահին ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել:
Նշվեց նաև, որ զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան են գալիս Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից: Այցելությունների տոկոսային աճի առումով առաջատար է Հնդկաստանը՝ 68%, Չինաստանը՝ 63,5%, Ղազախստանը՝ 42%, ԱՄԷ-ն՝ 19%, Մեծ Բրիտանիան՝ 24%: Հայաստան կատարած մեկ այցի ընթացքում զբոսաշրջիկը ծախսում է միջինը 700-800 ԱՄՆ դոլար:
«Զբոսաշրջիկների թվի աճին նպաստել է ինչպես մի շարք երկրների հետ վիզաների դյուրացումն, այնպես էլ սահմանային անցման կետերի դյուրացումը, մեր վարած քաղաքականությունը, մասնավոր-պետական համագործակցությունը»,- ընդգծեց Զարմինե Զեյթունցյանը:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նշեց նաև, որ 2017թ.-ի ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվել է 200 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին