Արցախի ժողովուրդը պետք է վայելի ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները. Արմեն Աշոտյան
Ադրբեջանական կողմը փորձում է ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Հիշեցնելով Ստամբուլում՝ Իսլամական կոնֆերանսի ժամանակ, Ալիևի վերջին հայտարարությունը՝ բանախոսը նկատեց, որ այն իրենից սպառնալիք էր ներկայացնում, քանի որ ԼՂ հակամարտությունը կրոնի հետ որևէ կապ չունի: Հայությունը տարածված է ողջ իսլամական աշխարհում, հայերը և իսլամական տարբեր երկրների լավ քաղաքացիներ են:
«Պատկերացրեք՝ որքան վտանգավոր կլիներ, եթե ԼՂ հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով ԻՊ-ի վերելքը: Սա դժոխքը ևս մեկ աստիճան կտաքացներ: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիևին և թույլ տա Արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն»,- շեշտեց խորհրդարանականը:
Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ նաև Խորհրդային Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևին՝ նկատելով, որ այն ընդունվել է 1988 թվականին:
«Այդ բանաձևում ԵԽ-ն օժանդակել է ղարաբաղյան շարժմանը, փոքրամասնության պահանջին՝ վերամիավորվելու Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության հետ: ԵԽ-ն դատապարտել է Սումգայիթում հայկական ջարդերը: Այդ ժամանակ ԼՂ շարժումը համարվում էր ժողովրդավար, ազգային շարժում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հակամարտ կողմերի հաշտեցմանը, ապա Արմեն Աշոտյանի խոսքով եվրոպական քաղաքական իսթեբլիշմենթը հստակ դիրքորոշում է որդեգրել առ այն, թե ինչպես պետք է լուծվի այս հակամարտությունը: Ձևակեպումները շատ հստակ և իրավաբանական ուժ ունեցող են:
«Կցանկանայի ընդգծել, որ Արցախում հազարավոր մարդիկ են ապրում, ովքեր պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները: Ես չեմ խոսում քաղաքական իրավունքների մասին: Նրանք այդ իրավունքն այնպես էլ են վայելում: Ավելի շատ պետք է շեշտենք նրանց՝ մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը, որոնցից այդ մարդիկ այժմ զրկված են:
Այս ստատուս քվոն ԼՂ ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել օրինակ ԵՄ ֆինանասավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս պլյուսից»»,- նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան