Ալիևին չպետք է թույլ տալ հայտարարելու, որ միջազգային հանրությունն իր գրպանում է. Զոհրաբյան
Ադրբեջանը փորձում է Արցախյան հակամարտությունը սահուն կերպով հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից: Սակայն Հայաստանի և եվրոպական կառույցների ջանքերով նման բան տեղի չի ունենում: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում այսօր այս մասին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ադրադառնալով «Ադրբեջանական լվացքատան»՝ վերջերս մեծ աղմուկ բարձրացրած սկանդալին՝ բանախոսը շեշտեց՝ ինքը կցանկանար, որ եվրոպացի գործընկերները լրջորեն վերաբերեին այդ երկրի նավթադոլարային բոլոր սկանդալներին:
«Ես ինքս Ստրասբուրգում երկու անգամ լսել եմ, թե ինչպես է Ալիևը հայտարարել՝ ինքը թքած ունի միջազգային հանրության վրա, քանի որ կարող է ցանկացած պահի գնել նույն այդ միջազգային հանրությանը: Սա ցինիզմ է: Իմ եվրոպացի գործընկերներին կոչ եմ անում տոտալիտար սահմանադրություն ունեցող Ադրբեջանին թույլ չտալ հայտարարել, որ միջազգային հանրությունն իր գրպանում է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր հերթին նկատեց, որ հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերը տեղի են ունենում բացառապես Ադրբեջանի կողմից, մինչդեռ միջազգային կառույցները համահարթեցման քանոնով հակամարտ կողմերի հասցեին հավասար գնահատական են հնչեցնում: «Ժամանակն է բաց աչքերով նայել և տեսնել իրականությունը»,- շեշտեց բանախոսը:
Ըստ պատգամավորի՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ առանց ուժի կիրառման:
«Ադրբեջանը հայ սպային քնած ժամանակ կացնահարող մարդասպանին ոչ միայն շքանշաններ և դրամական պարգևներ տվեց, այլ նաև հերոսացրեց: Այստեղից հետևություն. Արցախի ժողովուրդը անվտանգության լուրջ խնդիր ունի: Սա իսկապես շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ հակամարտության կարգավորման երեք միջազգային սկզբունքներին պետք է այսուհետ հավելել նաև Արցախի ժողովրդի անվտանգության դրույթը»,- ամփոփեց Մարգարիտ Եսայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին