Թուրքիան բանտարկված լրագրողների թվով աշխարհում առաջին հնգյակում է. RSF
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2017թ. աշխարհում մասնագիտության պատճառով սպանվել է 65, բանտարկվել՝ 326 լրագրող: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել RSF-ի կողմից հրապարակված զեկույցից. Գրում է Էրմենիհաբերը։
Անազատության մեջ գտնվող լրագրողների շուրջ կեսը բանտարկված է Թուրքիայում, Չինաստանում, Սիրիայում, Իրանում և Վիետնամում:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ազատազրկված է ավելի քան 100 լրագրող, որոնցից առնվազն 43-ի բանտարկությունը ակնհայտորեն կապված է իրենց մասնագիտության հետ:
Զեկույցում արձանագրվել է, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում «իրավական պետության նորմերին փոխարինելու են եկել կամայական որոշումները»: Լրագրողները կալանավորվում են անբավարար մեղադրանքների հիման վրա, երկար ժամանակ անազատության մեջ են պահվում կամ պատժվում՝ առանց համապատասխան դատական վճռի:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ձախողված հեղաշրջումից հետո ձերբակալված բազմաթիվ լրագրողներ արդեն գրեթե մեկ ու կես տարի գտնվում են բանտերում: Անդրադարձ է կատարվել նաև փետրվարից Թուրքիայում անազատության մեջ գտնվող Դենիզ Յուջելի վիճակին:
Ինչպես հայտնի է՝ գերմանական «Die Welt» թերթի թղթակից Յուջելի վերաբերյալ դեռևս նույնիսկ մեղադրական եզրակացություն չի կազմվել: Հայտնի է միայն, որ լրագրողը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» կատարելու մեջ: Յուջելը, ըստ զեկույցի, թուրք-գերմանական լարված հարաբերությունների ֆոնին իսկական գերու է վերածվել, նրա վիճակը օգտագործվում է նաև մյուս լրագրողներին վախեցնելու նպատակով: