Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել ԱՄՆ և Իրանի շուկաներ. Վարչապետ
«Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի անդամների հետ հանդիպմանը։
«Դա մեզ համար կարևոր իրադարձություն է: Համաձայնագիրը վերահաստատում է թե՛ մեր հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները, թե՛ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել մեզ այդ գործընթացում», -ասել է Կարեն Կարապետյանը։
Վարչապետը տեղեկացրել է, որ համաձայնագրի իրականացման նպատակով կառավարությունում ընթացքի մեջ են համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարեն Կարապետյանը կարևորել է բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Հայաստանի անդամակցումը հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» և ՓՄՁ աջակցության «COSME» ծրագրերին, «Ստեղծագործ Եվրոպա»-ին միանալու և «Գործընկերության առաջնայնությունների» շուրջ բանակցությունները հաջող ավարտին հասցնելը:
Ընդգծելով, որ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ ազդակ կլինի եվրոպական ընկերությունների համար՝ կառավարության ղեկավարը ներկայացրել է առկա հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով գործող արտոնյալ ռեժիմները՝ Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ և Իրանի շուկաներ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել. ԵԽ պատգամավոր
- Պետք է զգալի աշխատանք կատարել, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացվի. Սաջադ Քարիմ
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարևորագույն հանգրավան կլինի երկկողմ հարաբերություններում. ԵԽ պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան