Կովկասյան Բարոմետր-2017-ը «գտել» է Հայաստանի բարեկամ ու թշնամի երկրները
Դեկտեմբերի 19-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը ներկայացրեց Կովկասյան բարոմետր ծրագրով 2017թ-ի նոյեմբերին Հայաստանում իրականացված վերջին սոցիոլոգիական հետազոտության արդյունքների անոնսային տարբերակը:
Կովկասյան բարոմետրը միջերկրային հետազոտություն է և իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ծրագիրը նպատակամղված է տարածաշրջանում սոցիալական, քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը:
Հարցման առաջին ալիքն իրականացվել է 2004թ.-ին Երևանում, Թբիլիսիում և Բաքվում: 2006 թվականից հետազոտությունն ընդգրկում է ինչպես մայրաքաղաքներն, այնպես էլ այլ քաղաքային և գյուղական բնակավայրերը (հարցումներ չեն իրականացվել Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում): 2015թ. և 2017թ. ԿԲ-ն իրականացվել է միայն Հայաստանում և Վրաստանում:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին առավել հետաքրքրություն ներկայացնող սոցիալ-քաղաքական ու տնտեսական թեմաների շուրջ Հայաստանի ու Վրաստանի բնակիչների կարծիքները: Արդյունքները ներկայացված են նախորդ տարիների հետազոտությունների հետ համեմատության մեջ:
Հայաստանում հարցումն իրականացվել է երկրի ողջ տարածքում՝ ներառելով մայրաքաղաքը, քաղաքային ու գյուղական բնակավայրերը: Պատահականորեն ընտրվել են ընտրատեղամասեր՝ վերջիններիս չափի համամասնության սկզբունքով, որից հետո պատահականության սկզբունքով այդ տեղամասերում ընտրվել են տնային տնտեսություններ, որտեղ հարցազրույց է իրականացվել պատահականության սկզբունքով ընտրված բնակչի հետ: Հարցվողների ընտրության համար կիրառվել է Քիշի աղյուսակը: Հայաստանում դեմ առ դեմ հարցազրույց է իրականացվել 1648 չափահաս անձի հետ:
Հարցվածների 36 տոկոսը եղել են արական, իսկ 64 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ:
Ըստ ԿԲ-2017թ-ի՝ Հայաստանում հարցվածների 72 տոկոսը համարում է, որ Օրինակելի քաղաքացու համար կարևոր է քննադատել իշխանություններին: Հարցվածների 70 տոկոսն էլ կարևոր է համարել իշխանություններին աջակցելը:
Հարցվածների 35 տոկոսը նշել է, որ կմեկներ Հայաստանից՝ այլ վայրում մշտապես բնակվելու: 63 տոկոսը նշել է, որ ոչ մի դեպքում մշտապես չէր լքի Հայաստանը, 2 տոկոսը դժվարացել է պատասխանել: Մինչդեռ հարցվածների 57 տոկոսը նշել է, որ պատրաստ է մեկնել Հայաստանից՝ այլ երկրում ժամանակավորապես բնակվելու նպատակով:
Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանում մարդկանց 78 տոկոսը լիովին կամ հիմնականում վստահում է բանակին, 74 տոկոսը վստահում է եկեղեցուն ու կրոնական կազմակերպություններին, կրթական համակարգին վստահել է 48 տոկոսը: Ոլորտներն ըստ վստահելիության ցուցանիշի ունեն հետևյալ պատկերը (տոկոսներով). Առողջապահական համակարգ – 44, Ոստիկանություն – 29, Եվրամիություն – 21, Գործադիր իշխանություն – 21, Դատական համակարգ – 16, ԱԺ – 12, Լրատվամիջոցներ – 22 (չի վստահում հարցվածների 39 տոկոսը):
Հայաստանում ժողովրդավարության աստիճանը հարցվողները գնահատել են հետևյալ կերպ՝ լիովին դեմոկրատիա է (3), դեմոկրատիա է, բայց աննշան խնդիրներ կան (13), դեմոկրատիա է, բայց մեծ խնդիրներ կան (35), բոլորովին դեմոկրատիա չէ (33): Հարցվածների 16 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Խոսքի ազատության մասով հարցվածների 71 տոկոսը համարում է, որ կարող է ասել այն, ինչ մտածում է, 23 տոկոսը պատասխանել է, որ չի կարող, 6 տոկոսն էլ չի կողմնորոշվել:
Հայաստանում անցկացված վերջին ընտրությունները հարցվողների 10 տոկոսը գնահատել է լիովին արդար, 33 տոկոսը՝ որոշ չափով արդար, 41 տոկոսը՝ բոլորովին անարդար և 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները հարցվածների 5 տոկոսի կյանքում առաջացրել են դրական փոփոխություններ, 75 տոկոսի կյանքում ոչ մի փոփոխություն չեն առաջացրել և 8 տոկոսի կյանքում առաջացրել են բացասական փոփոխություններ: Չկողմնորոշվածների թիվը կազմել է 12 տոկոս: Հարցվածների միայն 11 տոկոսն է համարել, որ Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի կյանքում կունենան դրական հետևանքներ, 46 տոկոսը նշել է, թե ոչ մի ազդեցություն չեն ունենա, 12 տոկոսը համարել է, որ Սահմանադրության փոփոխությունը կունենա բացասական, իսկ 3 տոկոսը՝ շատ բացասական հետևանքներ: Չկողմնորոշվածների թիվը կազմել է 29 տոկոս:
Հարցվածների 68 տոկոսը լիովին կամ մասամբ համաձայն է, որ մարդիկ պետք է մասնակցեն իշխանության դեմ բողոքի ակցիաներին, 32 տոկոսը դեմ է կամ չունի հստակ տեսակետ:
«Սասնա ծռեր» խմբի գործողությունները հարցվածների 29 տոկոսը լիովին արդարացրել է, 27 տոկոսը՝ ավելի շուտ արդարացրել, 28 տոկոսը և՛ արդարացրել է, և՛ դատապարտել, 10 տոկոսը՝ հիմնականում դատապարտել, իսկ 6 տոկոսը՝ խստորեն դատապարտել: Հարցվածների 14 տոկոսը կարծիք չի ունեցել «Սասնա ծռերի» գործողությունների մասին, իսկ 6 տոկոսն առհասարակ չի լսել նրանց մասին:
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ ՀՀ բնակիչների 42 տոկոսը դրական դիրքորոշում է հայտնել, 25 տոկոսը եղել է որոշ չափով և՛ կողմ, և՛ դեմ: հարցվածների 9 տոկոսը դեմ է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, իսկ 24 տոկոսը չունի կարծիք այդ հարցի շուրջ:
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին հարցվածների 28 տոկոսը դրական է արձագանքել, 27 տոկոսը եղել է որոշ չափով և՛ կողմ, և՛ դեմ, 14 տոկոսը դեմ է արտահայտվել և 30 տոկոսը չի ունեցել հստակ կարծիք հարցի շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գործակցության առումով հարցվածների 25 տոկոսը կողմ է արտահայտվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, 5 տոկոսը՝ ԵՄ-ին անդամակցությունը, 54 տոկոսը համարել է, որ պետք է սերտ հարաբերություններ զարգացնել երկու կողմերի հետ, 3 տոկոսը ցանկացել է չմիանալ ոչ մի կողմի և 13 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 23 տոկոսը ցանկացել է, որ Հայաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին, 24 տոկոսը եղել է և՛ կողմ, և՛ դեմ, 17 տոկոսը եղել է դեմ, և 36 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 27 տոկոսը Հայաստանի անվտանգության երաշխիքները կապել է ՀԱՊԿ անդամակցության հետ, 5 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի, 50 տոկոսը՝ 2 դաշինքների հետ սերտ համագործակցության, 3 տոկոսը համարել է, որ պետք է չմիանալ 2 կազմակերպություններից և ոչ մեկին, իսկ 14 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցվածների 64 տոկոսը Հայաստանի ամենաբարեկամական երկիր համարել է Ռուսաստանը, 17 տոկոսը՝ Ֆրանսիան, 4 տոկոսը՝ Վրաստանը:
Ամենաթշնամական երկրները հարցվողների կարծիքով, շարունակում են մնալ Ադրբեջանն ու Թուրքիան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան