Պետք է զգալի աշխատանք կատարել, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականացվի. Սաջադ Քարիմ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում ՀՀ ազգային ժողովի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը հաստատող փաստաթուղթ է ստորագրվել: Նիստին հետևած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, ընդունված փաստաթուղթը շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները, քաղաքական համակարգի շարունակական կատարելագործումը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները և այլն։
Հարցին՝ ի՞նչ կետեր են ներառված փաստաթղթում Արցախյան հակամարտության վերաբերյալ, Արմեն Աշոտյանը նշեց. «ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում կողմերը վերահաստատել են այն հիմնական ուղերձը, որը գրված է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում՝ խնդիրը բացառապես պետք է լուծել խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և երեք սկզբունքներով՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդի ինքնորոշման իրավունք»։
Խորհրդարանականը ընդգծեց՝ փաստաթղթում հայկական կողմը նաև նշել է, որ թեև Հայաստանը փորձում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների միջոցով լուծել հակամարտությունը, թուրքական կողմի պատճառով բոլոր ջանքերը տապալվում են։
Ասուլիսին ներկա ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմն իր հերթին կարևորելով փաստաթուղթը՝ նշեց, որ այն մեծ նվաճում է, և հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր կլինի ընդլայնել ու խորացնել երկկողմ հարաբերությունները։
«Այս խորհրդարանը պետք է դեռ զգալի աշխատանք կատարի, որպեսզի համաձայնագիրը և դրա ներքո կատարվելիք աշխատանքը իրականացվի։ Համաձայնագիրը ներառում է շատ լավ հիմք ֆինանսական օժանդակության ցուցաբերման համար ևս։ Մենք ավանդաբար «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով ենք աշխատել, որն իր հետ պայմաններ է բերում։ Հայաստանն այդ առումով պետք է ցույց տա, որ մեր կողմից նախանշված ոլորտներում ինքն առաջընթաց ունի», - ասաց եվրոպացի պաշտոնյան։
Անդրադառնալով Բրյուսելում ՀՀ-ԵՄ միջև ստորագրված նոր համաձայնագրի վավերացման ժամկետին՝ Սաջադ Քարիմն ընդգծեց, որ այն նախ պետք է անցնի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ընթացակարգերով։
«Այն պետք է ԵՄ բոլոր 28 խորհրդարանների ներքին խորհրդարանական ընթացակարգերն անցնի, հետո գա ԵԽ՝ վավերացման։ Որևէ անդամ պետության կողմից մենք չենք ակնկալում որևէ դժվարություն։ Հենց այդ գործընթացն ավարտվի, փաստաթուղթը կգա Եվրոպական խորհրդարան, ու վստահ եմ, որ շատ սահուն կերպով այնտեղ կվավերացվի», - նշեց Սաջադ Քարիմը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան