«Այս պահին դուրս ենք գալիս, որ այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք». Փաշինյան
ՀՀ Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները՝ առաջին ընթերցմամբ քվեարկության դնելով նախօրեին քննարկված օրենքի նախագծերը։
Քվեարկության դրվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին։ Այն ընդունվեց 60 կողմ, 34 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 98 պատգամավոր։ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քվեարկության դնելուց առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս փաթեթին։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ հայտնեց. «Ես սկզբունքորեն դեմ եմ Երևանի ամբողջական դատարան ստեղծելու հետ կապված կարգավորմանը, նկատի ունենալով, որ դա կարող է լրացուցիչ բեռ դառնալ մեր բնակչության համար, և եթե մենք ղեկավարվենք զեկուցման հիմքում դրված տրամաբանությամբ, կստացվի, որ պետական որևէ մարմին պետք է ստորաբաժանումներ չունենա Երևանի վարչական շրջաններում, որովհետև Երևանի տարածքը 15 կմ է, ոչ ավելի, այս ծայրից թող գնան այն ծայրը։ Բոլոր դեպքերում կողմ եմ քվեարկում, բայց այս հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկման առարկա կդարձնենք։
Վարման կարգով «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ լինողներին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը. ««Ծառուկյան» դաշինքի գործընկերներին կոչ եմ անում չմասնակցել քվեարկությանը»։
Օրինագծերի փաթեթն ընդունվեց 63 կողմ ձայնով։ Քվեարկությունից հետո խառնաշփոթ սկսվեց նիստերի դահլիճում, «Ելք» խմբակցության պատգամավորները չէին ընդունում արդյունքները և պահանջում էին կրկնել քվեարկությունը։
Վարման կարգով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Քիչ առաջ բոլորի աչքի առաջ ակնհայտ կեղծիքով սղղացվեց սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այս ամբողջ կենացները բարեփոխումների մասին հերթական կեղծիքն են, հերթական կոմեդիան, այս պահին դուրս ենք գալիս, որ այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք»։
Շարմազանովն էլ արձագանքեց. «ընդդիմության ասածը իրականության հետ առնչություն չունի. Գնում են, բարի ճանապարհ»։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային պրակտիկայում դատավորների քանակն են ավելացնում, ոչ թե գործերը տեղաբաշխում են նրանց մեջ. Կոստանյան
- Այսուհետ հնարավոր կլինի դատարան դիմել էլէկտրոնային եղանակով. փոխնախարար
- Ցանկացած անձ, ով ապօրինի ձերբակալվեց, փոխհատուցման իրավունք ունի. Կոստանյան
- Հերթական անգամ կառավարությունն իր խոսքի տերը չեղավ. Զոհրաբյան