Թուրքիայի շվեյցարական երկընտրանքը` Ցյուրիխյան արձանագրությունները և Լոզանի պայմանագիրը
Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարել է, որ 2009թ.-ին Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունների հիմնական պայմանն այն էր, որ Հայաստանը դուրս կգա Ադրբեջանի «գրավյալ տարածքներից», որից հետո կկարգավորվեն հարաբերությունները:
Նմանատիպ հայտարարություն տարածել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին, որում մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պայմանավորվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Այս հայտարարություններն արվել են՝ արձագանքելով դեկտեմբերի 13-ին Աթենքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի ունեցած ելույթին, որում Էդվարդ Նալբանդյանը, հղում անելով Նախագահ Սարգսյանի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթին, նշել է, որ արձանագրությունների հարցում դրական առաջընթացի բացակայության պայմաններում Հայաստանը առ ոչինչ կհայտարարի դրանք և «2018թ.-ի գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:
Ակնհայտ է, որ այս փուլում Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և բացել հայ-թուրքական սահմանը: Բայց հետաքրքրականն այն է, որ Թուրքիայի նախագահն արդեն երկար ժամանակ է, ինչ խոսում է 1923թ.-ին կնքված Լոզանի պայմանագրի վերաբանակցման մասին, որը կենթադրի թուրք-հունական սահմանների վերանայում: Դեռևս 2016թ.-ի սեպտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրը, որով, ի թիվս այլի, ամրագրվել են ներկայիս Հունաստանի և Թուրքիայի սահմանները, ըստ էության պարտություն էր Թուրքիայի համար, որովհետև դրանով կղզիներ են զիջվել Հունաստանին: Ավելին, այս տարվա դեկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահի Հունաստան կատարած այցի ընթացքում կրկին Էրդողանն անդրադարձել է Լոզանի պայմանագրի վերանայման խնդրին, ինչը բավականին կոշտ արձագանքի է արժանացել հունական կողմից:
Դժվար է ասել, թե նախագահ Էրդողանն իսկապես լուրջ մտադրություն ունի վերանայելու Լոզանի պայմանագիրը, թե պարզապես տուրք է տալիս պոպուլիզմին և որոշ առումով գաղափարախոսական նախապատվություններին: Էրդողանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունն աչքի է ընկնում կրոնական, իսլամական երանգներով, որոնք հաճախ հակասում են քեմալիստական մոտեցումներին: Այս հարցում ևս Էրդողանը կարծես փորձում է հակադրվել Քեմալ Աթաթյուրքին, որի օրոք էլ կնքվել է Լոզանի պայմանագիրը, ինչը համարվել է հաղթական նորաստեղծ թուրքական հանրապետության համար:
Պետք է նշել, որ անկախ նախագահ Էրդողանի դրդապատճառներից, Լոզանի պայմանագրի հնարավոր վերանայումը կարող է շատ այլ գործընթացների մեկնարկ տալ, քան միայն թուրք-հունական սահմանի կամ Հունաստանում ապրող թուրք փոքրամասնությունների խնդիրներն են:
Հիշեցնենք, որ Լոզանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1923թ. հուլիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա էր որպես դիտորդ), մյուս կողմից` Թուրքիայի միջև: Դրանով վերջ է տրվել առաջին համաշխարհային պատերազմից ի վեր այս երկրների միջև եղած պատերազմական հարաբերություններին, հանգուցալուծվել է 1919-22թթ. Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունները, հստակեցվել են Թուրքիայի ներկայիս սահմանները, չեղյալ համարվել կապիտուլյացիայի ռեժիմը, և, մեզ համար գուցե ամենակարևորը, փոխարինել է Սևրի հաշտության պայմանագրին (թեև տեսակետ կա, որը չի կիսում այս մոտեցումը):
Չցանկանալով ծանրանալ Լոզանի և Սևրի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունների ու դրանց ունեցած պատմական հետևանքների վրա, նշենք, որ տարածված կարծիք կա, նաև թուրքական պատմագրության մեջ, որ Լոզանի պայմանագրով «թաղվեց» հայկական հարցը և վերջ տրվեց հայկական պահանջատիրությանը: Հատկանշական է, որ Լոզանի պայմանագրում ու հարակից փաստաթղթերում որևէ նշում չկա Հայաստանի և հայերի մասին, ինչը թուրքական կողմից ներկայացվում է որպես կարևոր դիվանագիտական հաղթանակ:
Նկատի ունենալով այս ամենը` հետաքրքրական է դառնում, թե ինչպես է Թուրքիան պատրաստվում վերաբացել Լոզանի պայմանագիրը և միաժամանակ փակ պահել Հայաստանի հետ ունեցած ներկայիս սահմանը: Չէ որ նման զարգացումների դեպքում տեսականորեն չի բացառվում նույն հայ-թուրքական սահմանի ոչ թե վերաբացում, այլ վերանայում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան