Զեկույց. Ինչպես է ՀՀ-ն կատարել կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ԵԽ առաջարկությունները
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ ԳՐԵԿՈ-ն, հրապարակել է զեկույց, որում ներկայացվում է, թե ինչպես է Հայաստանն իրականացրել խորհրդարանականների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիան կանխարգելելու վերաբերյալ արված առաջարկությունները:
ԵԽ-ից Panorama.am-ին հայտնում են, որ 2016թ.-ի փետրվարի 25-ին հրապարակված գնահատման զեկույցում ԳՐԵԿՈ-ն ներկայացրել էր 18 առաջարկություններ, որոնցից 5-ը բավարար չափով իրականացվել է, 12-ը՝ մասամբ, և չի կատարվել միայն մեկը, որը վերաբերել է նվերների ստացման վերաբերյալ համապատասխան մոնիտորինգային մարմնին պատշաճ տեղեկության տրամադրմանը:
ԳՐԵԿՈ-ն եզրակացրել է, որ խորհրդարանականների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ կատարվել է առաջընթաց՝ կապված խորհրդարանում օրենսդրական գործունեության թափանցիկության հետ, սակայն նշվում է, որ անհրաժեշտ են հետագա ջանքեր՝ խորհրդարանականների վարքագծի կանոնակարգի հաստատման, պատգամավորների էթիկական նորմերի ու ստանդարտների մոնիտորինգի մեխանիզմների ուժեղացման համար:
Դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման հետ կապված ԳՐԵԿՈ-ն ողջունում է սահմանադրական փոփոխությունները, որոնք բարեփոխում են դատական ինքնակառավարումը՝ հաստատելով Գերագույն դատական խորհուրդ: Ավելին, դատավորների անձեռնմխելիությունը սահմանափակվել է այսպես կոչված «ֆունկցիոնալ իմունիտետով»: Որոշակի առաջընթաց է արձանագրվել դատավորների ընտրության, առաջխաղացման, հեռացման ու տեղափոխման գործընթացներում, որում մեծ դերակատարում է տրվել դատական խորհրդին: Նշվում է նաև, որ դեռևս պետք է հաստատվեն դատավորների աշխատանքին անհարկի միջամտության դեմ արդյունավետ կանոններ:
Դատախազների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ն կարևորում է Դատախազության մասին օրենքի ընդունումը, որում կարևոր քայլեր են կատարվել:
Այս ամենը հաշվի առնելով՝ ԳՐԵԿՈ-ն նշում է, որ հետագա նշանակալի առաջընթաց է անհրաժեշտ, որպեսզի առաջիկա 18 ամիսներին հասնել առաջարկությունների իրականացման ընդունելի մակարդակի:
Թարգմանությունը՝ Panorama.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում