Բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Երևանում է
Երևան է ժամանել բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Իտալացի երաժիշտը դեկտեմբերի 25-ին հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ ներկայացնելով նոր համերգային ծրագիր։ Պիետրոդարկին նվագախմբի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի արքա Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիսատեսը կունկնդրի կոմպոզիտորներ Տոմազո Զիլիանիի, Ռոբերտո դի Մարինոյի, Չեզարե Կիակիարետայի, Կարլոս Գարդելի գործերից։ Համերգի ընթացքում հանդես կգա նաև մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանը։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին օդանավակայանում նշել է, որ ամեն անգամ մեծ ուրախությամբ է գալիս մեր երկիր, ինքն այնքան սիրում է Հայաստանը, հայ հանդիսատեսին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու Սերգեյ Սմբատյանին։
«Ես սիրում եմ այս նվագախումբը, նրանց կատարած աշխատանքը։ Նրանք երիտասարդ են ու շատ են աշխատում, կատարելագործվում են անընդհատ։ Եվ ինձ համար մեծ հաճույք է նվագել նրանց հետ»,- ասել է բանդոնեոնահարը։
Պիետրոդարկիի հետ Հայաստան է ժամանել նաև կոմպոզիտոր Տոմազո Զիլիանին, ում ստեղծագործությունը նույնպես կհնչի դեկտեմբերի 25-ին։
Համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի հետ կազմակերպել է գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ։