Կիրականացվի համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի առավել ընդգրկուն գնահատում
Գործադիրը հավանություն է տվել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգին: Հիմնավորման համաձայն՝ 2016 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների ժամանակ ՀՀ մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթաց:
ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման շրջանակում 2017 թ. օգոստոսի դրությամբ ՀՀ մարզերից և համայնքներից ներկայացվել են մոտ 170 ներդրումային ծրագրերի հայտեր` տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Հավանության արժանացած ծրագրերից ֆինանսավորվել է 19-ը:
Կարևորելով ծրագրերի արդյունավետության գնահատման ճշտությունը և արժանահավատությունը՝ առաջարկվում է սահմանել գնահատման մոտեցումներն ու սկզբունքները: Ըստ այդմ՝ առաջարկվում է իրականացնել բազմագործոն գնահատում, և այդ կապակցությամբ ստեղծել Գնահատող մարմին` միջգերատեսչական հանձնաժողով:
Ծրագրերի գնահատումը նախատեսվում է իրականացնել երեք փուլով: Արդյունքում ակնկալվում է իրականացնել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի առավել ընդգրկուն գնահատում և խթանել դրանց իրագործելիությանը, ինչն իր հերթին կապահովի հանրապետության տնտեսության կայունությունը, համաչափ տարածքային զարգացումն ու հետագա տնտեսական աճը:
Վարչապետը նշել է, որ սպասելիքներն ու հանձնարարականները ձևակերպելու նպատակով մյուս շաբաթ հանդիպում է նախատեսվում մարզպետների հետ: «Մարզպետներին կից մենք ստեղծել ենք համապատասխան հարթակ մեր գործող կառույցների հաշվին՝ ՈՒՎԿ ԶԱԿ-ի, ՓՄՁ ԶԱԿ-ի, Գյուղատնտեսական հիմնադրամի, որը ֆիլտրելու է մշակված ծրագրերը: Ավելին, մյուս շաբաթվա հանձնարարականների ժամանակ մարզպետներին տալու ենք հանրապետական, համայնքային գույքը բիզնեսին նույնիսկ անվճար օգտագործման տրամադրելու հնարավորություն, եթե համապատասխան հայտանիշերով ներդրումներ և աշխատատեղ է ստեղծվում»,-նշել է Կարեն Կարապետյանը և հորդորել առավելագույնս ուշադիր լինել տարածքներում տնտեսական ակտիվության բարձրացմանն ուղղված բոլոր մեխանիզմների և գործիքակազմի աջակցության հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան