Թիվ 55 երթուղային տաքսու «քյասար»-ն ու բնակիչների բողոքը
Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչներից շատերը դժգոհում են տարածքը սպասարկող տրանսպորտից։ Panorama.am-ին քաղաքացիները պատմեցին, որ Նոր Նորքի 2-րդ զանգված- «Երիտասարդական» մետրոկայարան երթուղին սպասարկող թիվ 55 երթուղային տաքսու վարորդները որոշել են խնայել մեքենայի վառելիքն ու իրենց ժամանակը՝ ինքնագլուխ կրճատելով երթուղին:
Ավելի պարզ ասած, նրանք քյասար ճանապարհով են գնում, ինչի հետևանքով բնակիչներից շատերը այդպես էլ իրենց ուզած տեղը չեն հասնում: Քաղաքացիներին պատճառած անհագստությունը վարորդներին, ու ոչ միայն նրանց, չի անհանգստացնում:
Բնակիչների ամենօրյա պայքարը արդյունք չի տվել, ոմանք նույնիսկ հրաժարվել են վճարել՝ փաստելով, որ չեն հասել իրենց անհրաժեշտ վայրը։ Զանգահարել են նաև «Երևանտրանս», խնդիրը ներկայացնելուց հետո քաղաքացիներին հորդորել են հետևողական լինել, խնդիրը կրկնվելու դեպքում էլի զանգահարել, մեքենայի համարները հրապարակել:
Սակայն հենց այսօր առավոտյան վարորդներից մեկը կրկին որոշել է կրճատել ճանապարհը: Ուղևորի դժգոհությանն ի պատասխան, գիծ նոր դուրս եկած վարորդը պատճառաբանել է, թե «գազ չունի»:
«Ինչի՞ տանեմ, փողերս տամ իրանց»,-բացատրել է վարորդը:
«Վարորդներն ակնհայտ ցույց են տալիս՝ տեղյակ են, որ խնդիրը բարձրացվել է ինչ որ տեղ, իրենց խոսքով՝ «գառաժում», բայց ինչպես ասում են խոսեցին, անցավ գնաց»,-ասում են բնակիչները։
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վարորդի պատճառաբանությունները գազ չունենալու մասին անհեթեթություն ու սխալ որակեց: Ասաց, որ կհանձնարարի վերահսկողություն սահմանել: Ավելի ուշ խնդրին տեղեկանալուց հետո Նավասարդյանը հավատացրեց.
«Ես հիմա հանձնարարեցի, որ նորից վերահսկեն»: