«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպեցին նախարար Վահան Մարտիրոսյանին
«Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին հանդիպեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ: Նրանք նախարարին հիշեցրին՝ անգամ Ոստիկանության ներկայացրած վիճակագրությունը փաստում է՝ ճանապարհային վթարների միայն 11 տոկոսին են մասնակից եղել աջ ղեկով մեքենաները, ընդ որում՝ հայտնի չէ, թե վթարների քանի տոկոսն է վարորդի մեղքով եղել:
Նախաձեռնության անդամները ընդգծեցին՝ անգամ ԵՏՄ ամենախոշոր երկիր Ռուսաստանը նման սահմանափակումներ չի ընդունել: Այս որոշումն, ըստ վարորդների, վտանգում է նաև վարորդների սոցիալ-տնտեսական վիճակը: Հիմնավորումը հետևյալն է՝ քանի որ աջ ղեկով տրանսպորտային միջոցների քանակը բավական մեծ է, այդքան մարդ իրենց մեքենայի ձեռքը «կրակն են ընկնելու», խնդիրը միայն վարելու իրավունքը չէ: Մեքենան վարորդի կուտակած գումարով է ձեռք բերված, վարորդը ցանկացած պահի կարող է գումարի կարիք ունենալ ու վաճառել, ասենք, սեփական առողջական խնդիրները լուծելու համար:
Նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը հորդորեց հետ կանչել այս փաթեթը կամ չեղարկել: Նա ընդգծեց՝ ավելի շատ ՃՏՊ-ների պատճառ են դառնում մարզային ճանապարհների վատ վիճակն ու կոմունիկացիաների պակասը, իսկ աջ ղեկով մեքենաների հարցն ամենևին էլ ամենահրատապ ու արդիական հարցը չէ:
Նախարարը նկատեց, որ դա անձնական գնահատական է, ապա նշեց, որ Հայաստանը ժամանակին աջակողմյան երթևեկություն է ընդունել, աջակողմյան երթևեկության երկիր է, որը նշանակում է՝ ձախակողմյան ղեկանիվ պետք է լինի: Այս փոփոխությունն, ըստ նախարարի, նպատակ ունի կանխել ժամանակին թույլ տրված սխալը: Նախարարը խոստացավ հանդիպման ժամանակ իրեն ներկայացված առաջարկները փոխանցել Կառավարությանը, ու թեպետ ոչինչ չխոստացավ, սակայն վստահեցրեց՝ հաշվի են առնվելու բոլոր խելամիտ առաջարկները: Մարտիրոսյանը խոստացավ վարորդներին պատասխանել հաջորդ շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի
- Աջ ղեկով մեքենաների հետ կապված արգելքը ԵՏՄ-ի պահանջն է. «Ժամանակ»
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան