Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվել է ամանորյա մանկական ծրագիր
Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվել է «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը, որն այս տարի իրականացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ: Կրթական անվճար ծրագրին մասնակցել է 4-9 տարեկան շուրջ 150 երեխա:
Ընկերությունից մանրամասնում են, որ արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագիրը մեկնարկեց ինտերակտիվ ներկայացմամբ, որից հետո երեխաները Կենտրոնի աշխատակիցների և Փոքր թատրոնի դերասանների ուղղորդմամբ պատրաստեցին լուսանկարի շրջանակներ: Հաջորդիվ երեխաներն անմոռանալի հանդիպում ունեցան Ձմեռ Պապի հետ, ստացան նվերներ, ինչպես նաև զարդարեցին լուսանկարվելու համար նախատեսված «կախարդական» շրջանակը, որը ծրագրի ավարտին տեղադրվեց Այցելուների կենտրոնում:
««Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարվա ամենասպասված կրթական նախաձեռնություններից է՝ նախատեսված ընտանիքների համար:
Արդեն ութերորդ տարին Կենտրոնը երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր տարի հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվելու երեխաների ձևավորած շրջանակում մինչև տոների ավարտը։
Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնին, որ երեխաների համար նման գեղեցիկ տոն են կազմակերպել։ Ամանորը հրաշքների ժամանակ է, և հիանալի է, որ մանուկների համար հրաշքը այստեղ միախառնվում է արվեստի և ստեղծագործման հետ։ Անկասկած, արվեստը մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու կարևորագույն միջոցներից է, և մենք ուրախ ենք այս ամենին մասնակից լինել», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
2015թ. բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։