Հայաստանը երբեք չի կարող համաձայնել հայ-թուրքական հարաբերություններում որևէ նախապայմանի. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, բայց կրկին պայմաններ դնելու դեպքում, նշեց, որ այդ հայտարարությունն առնվազն տարօրինակ է, անընդունելի ոչ միայն հայկական կողմի, այլև միջնորդ կողմերի համար:
«2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններն առանց նախապայմանների են եղել, և դրանց ստորագրման հիմքում ընկած է եղել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը: Խոսելով նախապայմանների մասին, դա ընդամենը իրականության խեղաթյուրում է, Թուրքիան նման կերպ ուզում է պատասխանատվությունն իր ուսերից հանել»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունն այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության շահերից:
Շարմազանովը հիշեցրեց Ահմեդ Դավութօղլու հայտարարությունը՝ «զրո խնդիր հարևանի հետ», մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան ոչ թե զրո խնդիր ունի հարևանների հետ, այլ գրեթե զրոյի է հասցրել հարևանների թիվը, ում հետ խնդիր չունի:
«Մենք մերժում ենք ցանկացած նախապայման, և հայ-թուրքական արձանագրությունները կապել Լեռնային Ղարաբաղի հետ նույնքան տարօրինակ է, որքան մենք այդ հարաբերությունները կապենք Կիպրոսի դեօկուպացիայի հետ: Սրանք ոչ տրամաբանական են, և Հայաստանը երբեք չի կարող համաձայնել հայ-թուրքական հարաբերություններում որևէ նախապայմանի»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Թուրքիայում Կարո Փալյանին ծեծելու դեպքին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ Կարո Փայլանի հետ թուրքական խորհրդարանում, ևս մի խնդրի արտացոլումն է, որ թուրքական խորհրդարանի ներկայացուցիչներն այս 100 տարվա մեջ, ինչպես բուրբոնների մասին էին ասում՝ ոչինչ չեն սովորել, բայց ոչինչ էլ չեն մոռացել:
«Եթե նրանք նախկինում քարերով ծեծելով սպանում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, այսօր նրանց հետնորդները Թուրքիայի պառլամենտում արդեն որերորդ անգամ հարձակվում կամ բռունցներով փորձում են խնդիրներ լուծել ազգային փոքրամասնության կամ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակի:
Նա նաև նշեց, որ քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը այցելում է հարևան երկիր ոչ թե բանակցությունների համար, այլ պարտադրանքի, պետք է գիտակցել, որ Թուրքիան ու հանդուրժողականությունը, ժողովրդավարությունը տարբեր հասկացություններ են:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում