Հայ և օտարերկրյա քաղաքագետները Երևանում «վերաիմաստավորեցին» Չինաստանի արտաքին քաղաքականությունը
2017թ. դեկտեմբերի 15-ից 20-ը Երևանում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի»» կողմից՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի աջակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են հետազոտությունների կենտրոնից, արտերկրից դասախոսությամբ հանդես են եկել Դա Յուլոնը (Նանծինի համալսարանի գիտաշխատող), Ռաիսա Եպիխինան (Մոսկվայի պետական համալսարանի գիտաշխատող), պրոֆեսոր Մեթյու Քրոսթոնը (moderndiplomacy.eu-ի փոխնախագահ, ԱՄՆ), պրոֆեսոր Թուղրուլ Կեսկինը (Շանհայի համալսարան):
Հայկական կողմից դասախոսել են Բենիամին Պողոսյանը (ՊՆ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ), Նաիրի Հոխիկյանը (լրագրող-հեռուստամեկնաբան, diplomat.am ի ղեկավար), Կարեն Վերանյանը («Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար), Անահիտ Պարզյանը («Թվային Հայաստան» հիմնադրամի փորձագետ), Վարդան Աթոյանը (ՀՊՏՀ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխնախագահ), Մհեր Սահակյանը (««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար, ՊՆ ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբան):
Դասընթացն ունկնդրելու հրավեր էին ստացել 23 անհատներ՝ ՀՀ տարբեր համալսարաններից և գիտական կենտրոններից, ովքեր հաղթել էին մրցույթում և հնարավորություն էին ստացել դեկտեմբերի 15-ից 20-ը մասնակցել դասընթացներին։ Բանախոսները նրանց ներկայացրել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և ՀՀ իրական հնարավորությունները, Չինաստանի տնտեսության հիմնախնդիրները, Չինաստանի տարածքային վեճերը հարևանների հետ, «Պարսից Ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքով ՀՀ-ի՝ «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալու ռազմավարական հնարավորությանը, չին-ամերիկյան, չին-թուրքական հարաբերությունները, Չինաստանի թվայնացման փորձը և այլն:
Հատուկ դասընթացի 19 ունկնդիրներ հավաքել են անհրաժեշտ միավորներ և արժանացել վկայագրերի:
Բենիամին Պողոսյանը (ՊՆ ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ) «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի վերաբերյալ նշել է. «Չինաստանն աճող դերակատարություն ունի Հարավային Կովկասում: ՀՀ-ի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականության հաշվառմամբ՝ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը էական նշանակություն ունի ՀՀ ռազմավարական շահերի առաջ մղման տեսանկյունից: Այս համատեքստում նման դասընթացների կազմակերպումը կարևոր նշանակություն ունի Չինաստանի վերաբերյալ գիտելիքների ընդլայնման համար»:
«Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացի կազմակերպչական կոմիտեի հիմնադիր-ղեկավար Մհեր Սահակյանը նշել է. «Նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակը հետևյալն էր. երիտասարդ սերնդին փոխանցել Չինաստանի վերաբերյալ գիտելիքներ, կապ հաստատել նրանց և հայ ու արտասահմանցի ավագ գործընկերների միջև։ Այստեղ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, ովքեր կամավոր հիմունքներով սեփական փորձն ու գիտելիքները կիսեցին երիտասարդ մասնագետների հետ: Հուսով եմ՝ վերջիններս այս գիտելիքներն ու կապերը կօգտագործեն հայ-չինական հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին