Փաստաբանների պալատը շրջանցում են, քանի որ ճնշել չեն կարողանում. Արա Զոհրաբյան
Հայաստանում որոշ կենսական նշանակություն ունեցող օրինագծեր շրջանառության մեջ դրվում և ընդունվում են հապճեպ՝ ոչ պատշաճ քննարկում կազմակերպելու հետևանքով: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ վառ օրինակն է դատական օրենսգիրքը, որ համարվում է սահմանադրական օրենք և հանդիսանում է այն բոլոր օրենքների հիմքը, որ կարգավորելու են ընդհանրապես դատավարության գործընթացը:
Ըստ Զոհրաբյանի՝ այս օրինագծերի մասով առնվազն պետք է հաշվի առնեն Փաստաբանների պալատի, դատական համակարգի և դատախազության տեսակետները, իսկ հակառակ դեպքում բնականաբար պետք է այնպիսի հիմնավորումներով մերժվեն, որպեսզի հասկանանք: Նա հիշեցրեց՝ առաջարկվում էր փաստաբանների նկատմամբ տուգանք նշանակել՝ մինչև 100 հազար դրամի սահմաններում՝ որպես սանկցիա, սակայն այսօր օրենսդրությունը դա թույլ չի տալիս, և փորձում են դա փոխել: Զոհրաբյանը նշեց, որ Կառավարությունը հաշվի չի առել ՓՊ և դատախազության առաջարկները, ԱԺ-ն օրենքն առաջին ընթերցմամբ ընդունել է: Նրա խոսքով՝ պետք է կանխել հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը, որ կարող է դրսևորվել փաստաբանի կամ դատախազի կողմից:
«Մենք չունենք երաշխիքներ անբարեխիղճ դատավորներից պաշտպանվելու համար, պարզ է՝ այս տուգանքը ինչպես կարող է կիրառվել դատավորի ձեռքում: Եթե փաստաբանը դժգոհի դատավորի ապօրինի գործողությունների դեմ, նա կարող է այս տուգանքը կիրառել: Որոշ փաստաբաններ մեկ դատական նիստի ընթացքում կարող են ունենալ 1 մլն դրամը գերազանցող տուգանքներ, եթե փորձեն օրենքով սահմանված կարգով ընդդիմանալ դատավորին, և դա նրան դուր չգա: Սա խնդիր է, և եթե օրենսդիրը գտնում է, որ այս կերպ պետք է կարգավորի խնդիրը, պետք է երաշխիքներ տա, որ մենք այսպիսի դատավորների ձեռքը չընկնենք»,- ասաց նա:
Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նոր խմբագրությամբ առաջին ընթերցմամբ ընդունելիս ևս, ըստ Զոհրաբյանի, ՓՊ կարծիքը չի լսվել, չեն հասցրել մեկ ամսում ներկայացնել իրենց առաջարկությունները, օրինագծի աշխատացնող կարևոր օղակները դրանց մասին կարծիք չեն ներկայացրել, այսինքն՝ հապճեպություն է եղել՝ տոներին ընդառաջ՝ արագ ներկայացվել է ԱԺ, արագ հաստատվել: Զոհրաբյանը նշեց՝ հաճախ կան ձևակերպումներ, որոնք զարմացնում են, օրինակ՝ նոր սուբյեկտ է հայտնվել՝ «մասնագետ» անվանումով, և մասնագետի եզրակացությունը ապացույց է համարվում:
Փաստաբանների պալատը պահանջում է խորհրդարանից՝ հնարավորություն ընձեռել՝ այս կարևոր օրինագծերի վերաբերյալ մասնագիտական կառույցների հետ քննարկումներ կազմակերպելու համար: «Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ և բնականաբար կարճ ժամանակում չենք կարող ծավալուն նյութերի վրա աշխատել: ես կարծում եմ՝ նորություն չեմ ասի, երբ պետական մարմինը տեսնում է, որ մի կառույցի միջոցով հնարավոր չէ մի բան կարգավորել, շրջանցում է այդ կառույցը:
Զոհրաբյանը տեղեկացրեց՝ Փաստաբանների պալատը փաստաբանների նկատմամբ կիրառվելիք 80-ից ավելի սանկցիաներ է ստացել, սակայն ՓՊ խորհուրդը դրանց մեծ մասը կարճել է: ՓՊ նախագահը նշեց՝ գուցե դատավարական գործընթացի ազդեցության տեսանկյունից Պալատը շրջանցման ենթակա մարմին է, քանի որ որևէ կառույց չի կարող ՓՊ-ին ճնշել: «Ես այդ միտումը տեսնում եմ: ՓՊ-ն օբյեկտիվ որոշումներ է կայացրել, որտեղ թույլ չի տվել խախտում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սանկցիաները մեծ մասամբ դատավորների ոչ ճիշտ որոշումների հետևանքներն են, օրինակ՝ դատավորը նշել է, որ նիստը հետաձգվում է, սակայն ժամկետ չի նշել, փաստաբանը գնացել է տուն. նա չէր կարող մարգարեանալ ու կանխատեսել՝ երբ կշարունակվի նիստը»,- ասաց նա:
Զոհրաբյանն ընդգծեց՝ այստեղ տեսնում է նոր ձեռագիր, նոր միտում՝ արհամարհելու, նշեց՝ եթե հարցը իրավական դաշտում չի լուծվում, մարդիկ այլընտրանքային ճանապարհներ են ընտրում: Նրա խոսքով՝ Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել հասարակության հետ, եթե անգամ ասածները չեն ընդունում, պետք է գրագետ հիմնավորում ներկայացնեն: Այս սանկցիաների կիրառման հետևանքն, ըստ Զոհրաբյանի, կլինի այն, որ փաստաբանները կընկճվեն: «Վերջում կունենանք սնանկ ճանաչված փաստաբաններ, ովքեր պարտքերի տակ կմտնեն իրենց մասնագիտության համար: Մենք կամիկաձեների միություն չենք, նորմալ, ինտելեկտուալ միություն ենք, ուզում ենք շախմատ խաղալ, ոչ թե այլ սպորտաձևերով զբաղվել: Սրանով իրենք փաստաբանի մասնագիտական անկախությանն են վնասում»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան