Որևէ հիմնավորում չկա. աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանում:
«Մեդիա կենտրոնում» այսօր հրավիրված քննարկման ժամանակ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատուրյանն ասաց, որ այս որոշումով անվտանգության խնդիր չի լուծվում, քանի որ ոչ մի հիմնավորում չկա:
«Որևէ հիմնավորում չկա, ոստիկանության վիճակագրությունն էլ փաստում է, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում գրանցված վթարների միայն 10 տոկոսն է բաժին հասնում աջ ղեկով մեքենաներին։ Ցանկացած տիպի տրանսպորտային միջոցի դեպքում վարորդն առաջնորդվում է հայելիներով, իսկ դրանք կապ չունեն ղեկի դասավորման հետ»,- ասաց նախաձեռնության անդամը:
Արթուր Խաչատուրյանը կարծում է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելով՝ փորձ է արվում հեշտ ճանապարհով լուծել երթևեկության թեթևացման հարցը: «Ընդամենն արգելելով փորձում են թեթևացնել երթևեկությունը և ասել, որ գործ ենք արել ու երթևեկությունը համեմատաբար թեթևացրել ենք: Բայց դա էլ արդյունք չի տա, քանի որ դրանց փոխարեն կներկրվեն այլ մեքենաներ»,- նշեց նա:
Նա նաև չի բացառում, որ կարող է տնտեսական չպարզաբանվող հիմնավորում լինել. « Աջ ղեկով մեքենաների ներկրումն ինչ-որ չափով ազդում է ավտոսրահներից մեքենաների ձեռքբերման վրա, քանի որ մարդիկ չեն ցանկանում թանկ գնով մեքենա ձեռք բերել»:
Փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ պատասխանելով հարցին, թե արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները չեն կարող այն վաճառել, նշեց, որ եթե մարդը ներկրել և շահագործում է աջ ղեկով մեքենա, ուղղակի ապրիլի 1-ի դրությամբ պիտի կամ արտասահման արտահանի, կամ ղեկը տեղափոխի, հետո վաճառի:
«Մինչ օրս այն տեղափոխությունները, որոնք արվել են, շատ դեպքերում տնային, գարաժային պայմաններում են արվել, ինչն անվտանգության տեսանկյունից խիստ վտանգավոր է: Մեքենաներ կան, որոնք գործարանային արտադրության են ու ձախ ղեկ նրանց համար նախատեսված չէ»,- ընդգծեց նա:
«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ նկատեց, որ եթե անվտանգությունից են խոսում, ապա ինչու են թույլ տալիս մինչև ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները շահագործել: «Այսօր Հայաստանում շահագործվում է 30 հազարից ավելի աջ ղեկով մեքենա, ինչը նշանակում է, որ դրանց շահագործումն ինքնին վտանգավոր է: Այսինքն՝ զուտ ներմուծումը կամ վերավաճաքն արգելելը անվտանգության հարց չի լուծում»,- ասաց նա:
Տիգրան Քեյանը նաև նշեց, որ ըստ նախագծի՝ այս որոշումը պայմանավորված է ԵԱՏՄ պայմանագրով: Սակայն, ըստ նրա, ՌԴ-ում, որը նունպես ԵԱՏՄ անդամ է, արգելքը չի կիրառվում, նույնիսկ Չինաստանին մոտ գտնվող քաղաքներում 90 տոկոսով շահագործվում են աջ ղեկով մեքենաներ:
«Մեր ճանապարհային երթևեկության կանոնները գրեթե համընկնում են Ռուսաստանի հետ: Տվյալ դեպքում, եթե խոսում են ԵԱՏՄ-ի անդամակցությունից կամ անվտանգությունից, դրանք անհիմն են»,- ասաց ՀԿ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները
- Աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի վերաբերյալ ՃՈ-ն առաջարկություններ չի ներկայացրել
- Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ. Վահան Մարտիոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան