Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11.00- 18.00-ը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու աշխատասիրությունը, նրանց սպասարկման բարձր մշակույթն ու մատուցման ինքնատիպ ոճը:
Սիրիահայերը չափազանց տպավորված էին Ռիտա Սարգսյանի այցելությունից: Սփյուռքի նախարարը նշել է, որ հայրենիքում հաստատվելուց հետո սա սիրիահայերի 21-րդ ցուցահանդես-տոնավաճառն է:
«2017 թվականի ընթացքում մենք ունեցանք «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական չորս ցուցահանդես-տոնավաճառ: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները Հայաստանում իրենց ապահով և հանգիստ են զգում, շարունակում են ստեղծագործել: Նրանք անգերազանցելի են ասեղնագործության, արծաթագործության, հրուշակագործության բնագավառներում: Սիրիահայերի կողմից պատրաստված յուրաքանչյուր արտադրանք ճաշակով է, օգտակար ու համեղ»,-նշել է Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին Սփյուռքի նախարարության 2017 թվական ձեռքբերումների և գալիք տարվա խոշոր ձեռնարկների մասին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ձեռքբերումները, նշեց, որ համաժողովից հետո լայն քննարկումներ են ծավալվել Սփյուռքի տարբեր համայնքներում՝ Լիբանանում, Ֆրիանիսայում, ԱՄՆ-ում:
«Նախարարության համար նշանակալի իրադարձություն էր Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրումը: Չեմ կարող չառանձնացնել Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը Երևանում և Սփյուռքի տարբեր համայնքներում: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ռուսաստանում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը: Ուրախալի էր հատկապես, որ այս տարի «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացին մասնակցեցին ավելի մեծ թվով երիտասարդներ»,-մասնավորապես ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում