Էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը. Բակո Սահակյան
Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգևներ ու արժեքավոր նվերներ է հանձնել աշխատանքում բարձր արդյունքներ գրանցած համակարգի մի խումբ ներկայացուցիչների:
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ էներգետիկան մեր տնտեսության հիմնարար ուղղություններից է, որն ապահովում է երկրի դինամիկ զարգացումը և հավելել, որ պետության ռազմավարությունն այստեղ ուղղված է էներգետիկ հնարավորությունների ընդլայնմանը, սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և ինքնաբավության ապահովմանը:
«Էներգետիկայի ոլորտը նաև մեր տնտեսության ամենաազատականացված բնագավառներից է, որտեղ ակտիվորեն ներգրավված են պետական ու մասնավոր հատվածները, առկա են շոշափելի ներդրումային հոսքեր Մայր Հայաստանից և սփյուռքից: Այսպիսով՝ էներգետիկայի ոլորտը ներհայկական տնտեսական կապերի ամրապնդման հաջողված կոնկրետ օրինակներից է»,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի անել հնարավորը ոլորտի զարգացման և էներգետիկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: