Ընտրվել են «Ձևափոխի՛ր» մրցույթի 3 լավագույն ծրագրերը
Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ամփոփել և ընտրել է զբոսաշրջության զարգացման նպատակով հայտարարված «Ձևափոխի՛ր» մրցույթի 3 լավագույն ծրագրերը։ Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն և պարգևատրել 3 լավագույն ծրագրերը ներկայացրած խմբերին: Այս մասին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն:
Առաջին մրցանակը՝ 15 000 դոլարին համարժեք դրամի հավաստագիրը հանձնվել է «Էկո-տնակները Հայաստանում» ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է զարգացնել Խուստուփից Սանահին և Հաղպատի վանքեր տանող Հայաստանի պատմական և բնապատկերային վայրերը կապող զբոսաշրջային ուղին:
Երկրորդ մրցանակը՝ 10 000 դոլարին համարժեք դրամի հավաստագիրը հանձնվել է «ՍևԱփ հանգստյան գոտի» ծրագիրը ներկայացնող խմբին, որը հեղինակել է Շորժա գյուղից 7 կմ հեռավորության վրա հանգստյան գոտու կառուցման և շահագործման հայեցակարգ։
Երրորդ մրցանակը՝ 5 000 դոլարին համարժեք դրամի հավաստագիրը հանձնվել է «Երևանյան լիճ սմարթ պարկ» համալիրի ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է ստեղծել ժամանցի լայն ընտրություն զբոսաշրջիկների և տեղացիների համար։
Մրցանակաբաշխությունից առաջ միջազգային և պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից կազմված ժյուրին լավագույն 5 ծրագրերն ընտրել է նախ դիտարկելով առաջին փուլում Հայաստանից ու Սփյուռքից ներկայացված 60 գաղափարներ, իսկ հաջորդ փուլերում արդեն քննարկելով դրանցից 20 լավագույնի բիզնես ծրագրերը, ընտրել է հաղթողներին։
«Անկախ վերջին փուլի արդյունքներից, մրցույթի ավարտից հետո Հայաստանի զարգացման հիմնադրամն օգնելու է 3-րդ փուլ անցած բոլոր 5 թիմերին՝ մշակելու և փաթեթավորելու ծրագրերը, ինչպես նաև գտնելու ներդրողներ՝ իրականացման համար»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Ծրագրի համակարգող խումբը գործակցության համար շնորհակալություն է հայտնում նախորդ 3 փուլերում ծրագրերը գնահատող հանձնաժողովին, որը կազմված է Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU), Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի մեկական ներկայացուցիչներից: