Անգամ Երևանից է հանդիսատես մեկնում Գյումրի՝ ներկայացում դիտելու. Ամիրյան
«Կինոյի բյուջեից 30 տոկոսն ուղղվելու է դեբյուտներին»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նա նշեց, որ ներկայում կինոկենտրոնում քննարկվում է այն կարգը, թե ինչ չափաբաժիններով ենք մենք ֆինանսավորելու կամ աջակցելու այս կամ այն ուղղություններին՝ գեղարվեստական ֆիլմ, կարճամետրաճ ֆիլմ, անիմացիա, այդ թվում նաև դեբյուտ։
«Այս պահին դեռ քննարկման փոլում է, բայց մեր մոտեցումն ու պատկերացումն այն է, որ պետք է շատ ավելի հնարավորություն տանք երիտասարդ կինոգործիչներին՝ նոր սկսվող առաջարկները կյանքի կոչելու համար։ Սրանով մեր կինոյում նոր շունչ ու թարմություն կգա»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է Կինոյի մասին օրենքին, նախարարն ասաց, որ տասնյակ տարիներ պետությունը գումար է հատկացրել թե գեղարվեստական, թե վավերագրական ֆիլմերի նկարահանման համար:
«Կինոյի օրենքը չի կարող ֆինանսավորում ապահովել, այն կազմակերպելու գործառույթ ունի և խնդիր չի լինի ֆինանսի հետ կապված։ Օրենքը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և հաշվի են առնվել բոլոր խնդիրները: Նախարարությունը պատրաստ է քննարկել օրենքի վերաբերյալ այն առաջարկները, որոնք կարող է նպաստել հայկական կինոյի զարգացմանը»,- վստահեցրեց Ամիրյանը։
Նրա կարծիքով՝ հայկական կինոյի զարգացման համար շատ կարևոր է նաև սպառման ցանցի ընդլայնումը:
«Այս հարցում առաջին ծիծեռնակը եղավ Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոնի բացումը: Տեղական կինոյի զարգացումը կախված է հենց այս ցանցի ընդլայնումից: Այժմ մենք կարողանում են ապահովել ընդամենը մոտ 85 մլն դրամի շահույթ, բայց սպառման ցանցի ավելացման պարագայում այդ թիվն էլ կմեծանա»,- նշեց նա:
Անդրադառնալով թատերարվեստին՝ Ամիրյանն ասաց, որ 2017-ին այս ոլորտում լավ ցուցանիշներ են արձանագրել։
«Գյումրու Վարդան Աճեմյանի թանտրոնն այս տարվա առաջին կիսամյակում այնքան հանդիսատես է ունեցել, որքան 2016-ին ամբողջ տարում։ Աննախադեպ հերթեր են եղել Գյումրիի թատրոնի տոմսարկղում, որտեղ այս տարի 7 պրեմիերա է կայացել: Գյումրու թատրոն 2017 թ. այցելել է 25 253 հանդիսատես, իսկ տոմսերի վաճառքից հավաքված գումարը կազմել է 16 586 900 դրամ՝ գրանցելով մոտ 200 տոկոսի աճ: Այսօր արդեն Երևանից հանդիսատես է գնում Գյումրի՝ ներկայացումներ դիտելու։ Գյումրու մշակութային սիրտն այսօր բաբախում է Աճեմյանի անվան թատրոնում»,- շեշտեց Ամիրյանը։
Նրա տեղեկացմամբ՝ 2017-ի ընթացքում կրկնապատկվել ու բազմապատկվել է հանդիսատեսի, այցելուների թիվը. «Օրինակ` Օպերային թատրոնում տոմսերի վաճառքը կազմել է 102 403 000 դրամ, իսկ նախորդ տարի հավաքվել էր 55 747 000 դրամ: Այս տարի 45 տոկոս հանդիսատեսի աճ գրանցվել օպերային թատրոնում: Եթե նախկինում ձեռնտու էր դահլիճը հանձնել վարձակալության, ապա այժմ ներկայացում կազմակերպելով ավելի շատ գումար են ստանում, քան վարձակալության տալով»։
Ամիրյանը տարվա ձեռքբերումներից նաև առանձնացրեց Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը. «Ազգային պատկերասրահում միայն մեկ ամսում շուրջ 15 հազար այցելու ունեցավ, վաճառվեց այնքան տոմս, որքան նախկինում՝ մեկ տարվա ընթացքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան