Էրդողանը գոհ է Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կայացրած որոշումից: Էրմենիհաբերը մեջբերում է Թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը։
Տեղեկության համաձայն՝ Էրդողանը թեմայի վերաբերյալ հրապարակում է կատարել Twitter-ի իր պաշտոնական էջում. «Գոհունակությամբ ենք ընդունում այն փաստը, որ Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ներկայացված բանաձևն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Ակնկալում ենք, որ Թրամփի կառավարությունը պահ առաջ հետ կկանգնի այդ ցավալի որոշումից, որի հակաօրինականությունն այդքան ակնհայտ ձևով ընդգծվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից»։
Հիշեցնենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և Թուրքիայի կողմից ու կոչ էր անում ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:
Բանաձևին կողմ են քվեարկել 128, ձեռնպահ՝ 35 երկիր: Բանաձևին դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո:
Հայաստանի կողմ է քվեարկել բանաձևին:
Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, Թուրքմենստանը: