«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացիները բողոքում են թռիչքների ուշացումներից
Արդեն 2 օր է՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չվերթերի ուշացումներ և չեղարկումներ են գրանցվում։ Խոսքը վերաբերում է գրեթե բոլոր ուղղություններին։ Երեկվանից մի քանի ժամ առհասարակ որևէ թռիչք չի իրականացվել։
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, օթերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ արդեն վաղը եղանակային պայմանները զգալիորեն կբարելավվեն։
«Կանխատեսվում է, որ մառախուղը վաղն ավելի քիչ է լինելու, ինչը թույլ կտա ուշացումների քանակը զգալի կրճատել»,- ասաց նա։
Սաթենիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, երեկվանից՝ դեկտեմբերի 21-ից՝ ժամը 23։00-ից սկսած՝ մինչև այսօր՝ ժամը 14։30-ը, բոլոր թռիչքները ուշացումներով են իրականացվել։ Սակայն 14։30-ից սկսած՝ եղանակային պայմանները թույլ են տվել թռիչքները նորմալ կատարել։
Հատկանշական է, որ օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ ընդհուպ 1-2 օր գիշերել էին օդանավակայանի սպասասրահում։ Նրանցից ոմանք այնտեղ էին հարազատներին դիմավորելու, ոմանք՝ Երևանից մեկնելու նպատակով։
Բեռլինից Մոսկվա, այնուհետ Երևան ժամանած մի երիտասարդ աղջիկ, օրինակ, մեզ հետ զրույցում նշեց, որ իր հարազատները 2 անգամ եկել են իրեն՝ դիմավորելու, սակայն քանի որ ինքը Մոսկվայից Երևան հասել է մոտ 10 ժամ ուշացումով, բարեկամները ստիպված են եղել տուն վերադառնալ։ «Հիմա տաքսի չկա, մերոնք ստիպված 3-րդ անգամ պետք է գան օդանավակայան, որ ինձ տուն հասցնեն»,- դժգոհեց ճանապարհից հոգնած ուղևորուհին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մառախուղի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել «Զվարթնոց»-ում
- Մառախուղի պատճառով Երևանում չվերթներ են հետաձգվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան