Էներգետիկների միջազգային օրը բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրական կայանը
ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բացվել է մարզի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Բացման պաշտոնական միջոցառման օրվա ընտրությունը պայմանվորված էր էներգետիկների միջազգային տոնով:
Բացմանը ներկա ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է. «Արևային կայանի բացումը առաջընթաց է դեպի էներգետիկ անվտանգություն։ Դա հնարավորություն է օգտագործելու վերականգնվող էներգիայի Հայաստանի մեծ ներուժը և ապահովելու մեր երկրի էներգետիկ անկախությունը: Նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ մառախուղի ժամանակ կայանն արտադրում է 147 կՎտ էլեկտրաէներգիա: Արևային քարտեզով Տավուշի մարզը նվազ ռեսուրսներով վայր է մեր հանրապետությունում, քանի որ այն տեղումնառատ և խոնավ գոտի է: Անբարենպաստ է հատկապես դեկտեմբերը։ Չնայած դրան, կայանը զարմանալի ցուցանիշներ է ապահովել։ Ընդ որում, արդյունքներն արձանագրվել են մեր տեղական արևային վահանակների կիրառմամբ»:
SPRING PR-ընկերությունից հայտնում են, որ Ենոքավանում բացված արևային կայանն ունի 147 կՎտ դրվածքային հզորություն։ Այն կարող է արտադրել տարեկան մինչև 208.000 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Գործարկման արդյուքնում կխնայվի ամսական միջինը 745 հազար դրամ և 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: ՀՀ Տավուշի մարզում արևի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, ինչը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։
«Հպարտ ենք, որ ԱԳԲԱ Լիզինգն է իրականացրել Տավուշի մարզի ամենահզոր ֆոտովոլտային կայանի ֆինանսավորումը: Մենք մաքուր էներգետիկայի ոլորտում իրականացրել ենք մեծ թվով նախագծեր. արդյունքը գոհացուցիչ է, քանի որ ոլորտում աշխատող կազմակերպությունների հետ կարողացել ենք արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել: Օգտագործելով ֆինանսական ոլորտում մեր երկար տարիների փորձը և գործընկերների հետ ամուր հարաբերությունները՝ այսօր կարողանում ենք Green Leasing-ի միջոցով շահավետ պայմաններ և նորագույն լուծումներ առաջարկել ներդրողներին», - իր խոսքում նշել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:
«Սոլարոն»-ի տեխնիկական տնօրեն Վահե Շարաֆյանը ասել է. «Սա Հայաստանում առաջին «ամենահայկական» կայանն է. և´ նախագծումը, և´ վահանակների արտադրությունը, և´ տեղադրման աշխատանքներն իրականացվել են հայ մասնագետների կողմից: Բոլոր վահանակների վրա գրված է «made in Armenia»: Կայանի աշխատանքի արդյունավետության կախատեսումների համար դեռ վաղ է, բայց այն շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է գրանցել դրական ցուցանիշներ: Նշեմ նաև, որ կայանի նախագծման փուլում վահանակները տեղադրել ենք առանց բետոնավորման աշխատանքներ իրականցնելու՝ բնությանը չվնասելու համար»:
ՀՀ Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրական կայանը տեղակայված է Ենոքավան գյուղի «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում:
Կայանը տեղադրվել է Հայաստանում առաջին և միակ արևային վահանակներ արտադրող«Սոլարոն»-ի կողմից, իսկ ֆինանսավորումը իրականացվել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ը KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան