Պիետրոդարկին անակնկալներով լի համերգ է խոստանում հայ հանդիսատեսին
Այս օրերին Երևանում է իտալացի մեծահամբավ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։ Նրա համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Panorama.am-ի հետ հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է այս տարի Սուրբ ծնունդն անցկացնել Երևանում։
«Այստեղ գալն ինձ համար հաճույք է: Մենք Սերգեյ Սմբատյանի հետ շատ լավ ընկերներ ենք: Նույնը նաև նվագախմբին է վերաբերում: Ես բոլորին արդեն ճանաչում եմ: Երբ առաջին անգամ ելույթ ունեցա այս երիտասարդ նվագախմբի հետ, հաճույք ստացա, որովհետև նրանք երիտասարդ են ու լի են կրքով: Իմ և նրանց կիրքն ու երաժշտությունը հանդիպեցին, շատ գեղեցիկ համադրություն ստացվեց: Կարծում եմ՝ այս անգամ էլ այդպես կլինի, ինչպես միշտ»,- ասաց Պիետրոդարկին:
Պիետրոդարկին և նվագախումբը երևանյան հանդիսատեսին հետաքրքիր համերգային ծրագիր են պատրաստել։ Երաժշտի տեղեկացմամբ՝ երեկոյի առաջին մասում հնչելու է Աստոր Պիացոլայի «Տարվա եղանակները», այնուհետև՝ մի ստեղծագործություն, որը Պիացոլան գրել է Ռոստրոպովիչի համար և կոչվում է «Գրանդ տանգո» (Le Grand Tango):
Երկրորդ բաժնի սկզբում կատարվելու է իտալացի կոմպոզիտորի՝ Տոմազո Զիլիանիի Mille Miglia ստեղծագործությունը։ Տոմազո Զիլիանին, ի դեպ, Պիետրոդարկիի հետ ժամանել է Հայաստան։
«Իտալիայում մի քաղաք կա՝ Բրեշիան, որտեղ տարիներ առաջ Mille Miglia անունը կրող ավտոմրցարշավներ էին կազմակերպվում: Այս ստեղծագործության հեղինակը հենց Բրեշիայից է: Ես պաշտում եմ հին մեքենաներ, ինքս էլ հավաքում եմ դրանք: Այս ստեղծագործությունը կարծես շրջագայություն է Բրեշիայից դեպի Ադրիատիկ ծով, մենք այս մեքենայով ճամփորդում ենք Իտալիայի ամենատեսարժան վայրերով»,- ասաց Պիետրոդարկին:
Կներկայացվի նաև Ռոբերտո դի Մարինոյի Կոնցերտը բանդոնեոնի և նվագախմբի համար, որը գրվել է հենց Պիետրոդարկիի համար: Երաժիշտը նաև այլ անակնկալներ ու շատ գեղեցիկ բիս է խոստանում մեր երաժշտասերներին: