
Ախթալայի կոմբինատի պոչատարի վթարի փաստով վարույթ է հարուցվել. Արծվիկ Մինասյան
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ախթալայի կոմբինատի պոչատարում օրեր առաջ տեղի ունեցած վթարին, որի հետևանքով պոչանք տարածվել էր Ախթալայի թիվ 2 դպրոցի բակ, նշեց, վթարի փաստով վարույթ է հարուցվել, և այս պահին ձեռնպահ է մնում հայտարարություններ անելուց:
«Հարցը տեսչական մարմնի ուղիղ հսկողության տակ է, իսկ Բնապահպանության նախարարությունն այստեղ հանդես է գալիս ոչ միայն ահազանգը փոխանցողի, այլ մասնագիտական մոտեցումները ներկայացնելու դերում»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ գործի քննության ավարտից հետո ավելի պարզ կլինի անձանց պատասխանատվությունը՝ վարչական կամ քրեական առումով:
Դիտարկմանը՝ նորմա՞լ է, որ վթարի հետևանքով տեղի ունեցած արտահոսքը օրեր շարունակ չի մաքրվել դպրոց տարածքից, և դրա համար կոմբինատը շահագործող ընկերությունը պատասխանատվության չի ենթարկվել, նախարարը պատասխանեց. «Աննորմալ է, երբ նման իրավիճակների ժամանակ առաջին արձագանքը շատ արագ չի լինում, դրա համար համակարգային փոփոխություններ ենք իրականացնում»:
Նա լրագրողներին հորդորեց սպասել քննության ավարտին, եթե պատասխանատվություն չկրեն, ապա նոր քննադատեն:
Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ տարիներ շարունակ Հայաստանում ընդերքի մասին օրենսդրությունը կառուցված է եղել հետևյալ սկզբունքով՝ անձը ազատ է գործելու, անձը ստանում է թույլտություն և որևէ ձևով հնարավոր չէ նրա հետ հարցեր պարզել: Հիմա, ըստ նրա, ընդերքօգտագործման մասին նոր օրենքով խստացվելու են շահագործողներին ներկայացվող պահանջները, ընդլայնվելու են ստուգողական գործիքները։ Ըստ նախարարի, նոր փաստաթղթում անդրադարձ կա նաև պոչամբարներին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին