Խոսրովի արգելոցում եղանակով պայմանավորված հրդեհը բացառում եմ. Արծվիկ Մինասյան
««Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ հարուցված գործերը գտնվում են իրավասու մարմիների հսկողության ներքո, և ես ոչ միայն իրավասու չեմ պատասխանել, այլև չեմ տիրապետում նախաքննության ընթացքի վերաբերյալ մանրամասներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հրդեհի պատճառը մարդկային գործո՞նն էր:
Նրա խոսքերով՝ կարևոր է հրդեհի պատճառահետևանքային կապի լիարժեք բացահայտումը, ինչպես նաև այն, որ եթե կան մեղավորներ, ապա պատժվեն, որպեսզի հետագայում բացառվեն նման երևույթները:
Դիտարկմանը, թե ԱԻՆ նախարարի խոսքերով՝ Խոսրովի արգելոցի հրդեհը զուտ անփութության հետևանք է, արդյոք բնապահպանության նախարարն էլ է այդ կարծիքին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ թե ինքը, թե Դավիթ Տոնոյանն այդ մասին բազմիցս խոսել են, հիմա պետք է ուղղակի սպասել քննության ավարտին:
«Այո, ես ասել եմ և հիմա էլ հրապարակային հայտարարում եմ, որ այդ օրերին չի եղել կայծակ, այն եղել է ավելի ուշ: Այսինքն՝ եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ, իսկ թե ինչ է տեղի ունեցել, գործի քննությունը կբացահայտի: Հավատացեք, որ բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի գործը լիարժեք բացահայտվի: Եթե մենք չկարողանանք հստակ պատճառահետևանքային կապը տեսնել, ապա չենք կարող արդյունավետ պայքարել, ուստի գործի բացահայտման հարցում ամենաշահագրգիռ կողմը Կառավարությունն է»,- նշեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ոչ մի փաստ, այդ թվում՝ անտառը դիտավորյալ հրդեհը, չի բացառում:
Նախարարը ասաց նաև, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ում գիտական ուսումնասիրություններ են կատարվում հրդեհի հետևանքների վերհանման, արգելոցի և արգելավայրերի ֆլորայի ու ֆաունայի գենոֆոնդի պահպանման ուղղությամբ:
Նախնական հաշվարկներով՝ հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չվառված տարածքը՝ 365 հա, շատ քիչ վառվածը՝ 525 հա, միջին վառվածը՝ 1200 հա, շատ վառվածը՝ 110 հա: Ըստ անտառշինական քարտեզների՝ հրդեհի մեջ ընդգրկված տարածքում կաղնու անտառածածկ տարածքը կազմում է 900 հա, գիհուտը կազմում է 200 հա, իսկ խոտածածկը մոտ 1100 հա: Հրդեհված տարածքում գտնվող կաղնու անտառները քիչ են վնասվել:
Բնապահպանության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ հիմնականում վնասվել են գիհու նոսր անտառները և խոտածածկը: Հրդեհից մոտ մեկ ամիս անց, այրված տեղամասերում արդեն նկատվել և արձանագրվել են խոտաբույսերի և ծառաթփային բույսերի վերականգնման պրոցեսները:
«Սա փաստում է, որ արմատային համակարգը չի վնասվել: Այրված տարածքի չափերը և վիճակի վերաբերյալ ճշգրտված տվյալները կպարզվեն բազմակողմանի ուսումնասիրություններից և 2018 թ. գարնանը ծառերի աճի ընթացքը պարզելուց հետո: Նշված տարածքում առկա են բազմաթիվ չվնասված անտառային կղզյակներ, իսկ այրված խոտածածկով տեղամասերում կան սևացած բնով առանձին ծառեր, որոնց կանաչ զանգվածը վնասված չէ։ Հրդեհի ժամանակ չվնասված անտառային կղզյակները ապաստարան են ծառայել որոշ կենդանիների համար և հետագայում էլ կնպաստեն անտառային էկոհամակարգերի բնական վերականգնմանը։ Հաշվի առնելով գիհի ծառատեսակների խեժի պարունակությունը, արագ բռնկման առանձնահատկությունը և ուժեղ քամու առկայությունը գիհու հրդեհաշիջման աշխատանքները ընդանում էին ավելի բարդ։ Հրդեհի տարածման հիմնական նպաստող հանգամանքը բուսածածկի տակ գտնվող, տարիներով կուտակված հումուսի /թաղիքի/ առկայությունն էր, որը այրվում էր առանց տեսանելի կրակի բոցի և կրակը տարածվում էր մեկ ծառից /հիմնականում գիհի/ մյուսը ցերեկային ժամերին, երբ ջերմաստիճանային ֆոնը ավելի բարձր էր։ Հրդեհի առաջին օրերին հրդեհի տարածմանը նպաստում էին նաև լանջերի վրա այրվող առանձին ծառերի բնի հիմքում գտնվող շիկացած քարերը, որոնք գլորվելով ներքև առաջացնում էին հրդեհի նոր օջախներ»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են շուրջօրյա գրաֆիկով/ժամանակացույցով մինչև սեպտեմբերի 10-ը` ԱԻՆ աշխատակիցների և արգելոցի անձնակազմի կողմից։ Կրակի օջախներ կային Փոքր և Մեծ Դորախների տարածքներում, քարափների եզրերին, կաղնի և բազմապտուղ և թփանման գիհիների գտնվելու վայրերում։ Տարածքներում կատարած դիտարկումների արդյունքում արձանագրվել են կենդանի օձերի, մողեսների տարբեր տեսակներ, լիովին այրված տեղերում կրծողների կողմից թարմ բների անցքեր, գիշատիչ թրչուններ, գորշ արջ և այլ գիշատիչ կաթնասունների հետքեր և դրանց արգասիքներ /գրեթե ամենուր/: Մինչև հրդեհի սկսվելը կենսակերպի առանձնահատկությունների և ծայրահեղ չոր ու շոգ եղանակային պայմանների հետ կապված մանր կենդանիների մեծ մասը գտնվել են թաքստոցներում: Որոշակի վնաս են կրել անողնաշար կենդանիներից ուղղաթևերը /մորեխներ/, որոնք ակտիվ են ուշ ամռան ժամանակահատվածում: Խոշոր կենդանիների այրված մնացորդներ չեն հայտնաբերվել: Կրակի օջախների հայտնաբերման աշխատանքները տարածքում բարդ էին, քանի որ թաքնված կրակը տարածվում էր տարիներով կուտակված թաղիքով և հումուսային շերտով։ Այդ դեպքում ծխի առկայությունը շատ փոքր էր և կրակի օջախները հնարավոր էր դառնում հայտնաբերել շատ մոտ տարածությունից։
Ներկայումս WWf-ի կողմից մշակվում է «Խոսրովի անտառ» պետարգելոցի նոր 2018-2025 թվականների կառավարման պլանը, որտեղ առանձին բաժնում ներկայացվելու է արգելոցում հրդեհի հետևանքով այրված տարածքների/էկոհամակարգերի բնական Ճանապարհով վերականգնումն ապահովող միջոցառումները: Մեծ ուշադրություն է հատկացվելու «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից համայնքների սոցիալ տնտեսական բնութագրին և շահագրգիռ կողմերի հետ արգելոցի մասնակցային կառավարման հնարավորություններին: Մասնակցային կառավարման գործողություններն ուղղված են լինելու արգելոցի և դրա պահպանման գոտու բնական էկոհամակարգերի պահպանությանը և բարելավմանը, արգելոցում և հարակից համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների արդյունավետ կառավարմանը, ինչպես նաև տուրիզմի և ռեկրեացիայի զարգացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը
- Խոսրովի արգելոցի հրդեհը բնական չէր, բայց նաև չարամտության արդյունք չէր. ԱԻ նախարար
- Արգելվելու է Խոսրովի արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը
- Խոսրովի արգելոցի հրդեհը միտումնավոր չի եղել, եղել է անփութության արդյունք. Դավիթ Տոնոյան
- Անտառ այրելը՝ նոր ահաբեկչական ձև իսլամիստներից
- ԲՆ. Խոսրովի հրդեհից կարճ ժամանակ անց նկատվում է բույսերի վերաճ
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան