Փայլանի հարցով Նշանյանի զգուշավորությունը միանգամայն իրատեսական է. թուրքագետ
Թուրքիայի գործող իշխանություններից կարելի է և պետք է ամեն բան սպասել, որովհետև նրանք ցույց են տվել, որ դիմում են պատժիչ գործողությունների, բռնաճնշումների՝ հաշվի չառնելով համաշխարհային հասարակական կարծիքը, նույնիսկ իրենց դաշնակիցների մոտեցումները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով պոլսահայ մտավորական Սևան Նշանյանի՝ Կարո Փայլանին ուղղված հորդորը՝ հնարավորինս շուտ լքել այդ երկրի տարածքը։
Հիշեցնենք, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն կազմած ցուցակ ունի:
Փայլանը նշել էր, որ իրենք ունեն հետախուզական տեղեկատվություն, որ ներկա պահին գործունեություն են ծավալում մահափորձերն իրականացնել պատրաստվող երեք անձինք:
«Նշանյանն ինքն է թուրքական իշխանություններից տուժել և եթե Կարո Փայլանին նման խորհուրդ է տալիս, շատ լավ հասկանում է՝ ինչ իշխանությունների հետ գործ ունի։ Այնպես որ, Փայլանի հարցով նրա զգուշավորությունը միանգամայն իրատեսական է։ Վտանգն ակնհայտ է։ Իմանալով, որ Փայլանը Հրանտ Դինքի կրտսեր գործընկերն է եղել և շարունակումէ նրա խիզախ մոտեցումները, դժվարանում մեմ ասել՝ արդյոք նա ականջալուր կլինի Նշանյանի հորդորին։ Ամեն դեպքում մենք գործ ունենք շատ համարձակ հայ գործչի հետ, որին, սակայն զգուշավորությունը չի խանգարի»,- նշեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, թուրքական իշխանությունների նշանակետում կարող է հայտնվել ցանկացած գործիչ, որը մատնացույց կանի այդ երկրում առկա արատավոր երևույթները։
Հիշեցնենք, որ պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որն ամիսներ առաջ փախուստի էր դիմել թուրքական բանտից և հաստատվել է Հունաստանի Սամոս կղզում, մեկնաբանել է Թուրքիայում ծնված, այժմ եվրոպաբնակ հայերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տարածված տեղեկությունները:
Twitter-ի իր պաշտոնական էջում Նշանյանը հրապարակել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ թեմայի վերաբերյալ տված հարցազրույցը և նշել, որ Փայլանի հաղորդած տեղեկություններն արժանի են հատուկ ուշադրության ու ուսումնասիրման:
«Կարո Փայլանի հարցազրույցը պարունակում է արտահայտություններ, որոնք պետք է կարդալ առնվազն 3-4 անգամ և շատ ուշադիր: Կարոյի փոխարեն լինեի՝ առանց ժամանակ կորցնելու դուրս կգայի երկրից», - գրել է Նշանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունների հրապարակմամբ Փայլանը վտանգի է ենթարկում նաև իրեն:
Հարակից հրապարակումներ`
- Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել
- Փայլան. Եվրոպայի հայ համայնքի ներկայացուցիչների կյանքին Թուրքիայից վտանգ է սպառնում
- Թուրքիայի իշխանությունները առգրավել են Սևան Նիշանյանի դրամական միջոցները
- Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը
- Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին