Բոլոր կանխատեսումներով, գալիք տարի թանկացումներ կնկատվեն նաև վառելիքի շուկայում. Վազգեն Սաֆարյան
Հայրենական ապրանք արտադրողների համար դրական տարի է եղել: Արդյունաբերությունը, 10 ամիսների արդյունքով, 12.4 տոկոս աճ է ապահովել: Ֆիզիկական ծավալների իմաստով այն կազմել է 1տրիլիոն 338 միլիոն դրամ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Մենք կարծում ենք, որ տարվա վերջին ցուցանիշը կհատի մեկուկես տրիլիոն դրամի սահմանը, ինչը մինչև այժմ ունեցած ձեռքբերումների մեջ կլինի աննախադեպ: Հայաստանում ապրանքային արտադրության մեջ մեծ տեղ է զբաղեցնում հատկապես սննդարդյունաբեությունը, երկրորդ տեղում հանքահումքային արդյունաբերությունն է: Եթե նայելու լինենք պատրաստի սննդի արտադրությունը, ապա այստեղ մենք 123 տոկոսի աճ ենք գրանցել: 407միլիոն դրամի սննդաոլորտի ապրանքատեսակներ են արտադրվել: Ինչ վերաբերում է հանքահումքային արտադյունաբերությանը, ապա այս ոլորտում 540 միլիոն դրամի արտահանում է իրականացվել: Ապահովվել է 39.8 տոկոս աճ»,- ասաց նա՝ հավելելով, որ 2017 թվականի տասը ամիսների ընթացքում արտահանվել է 407միլիոն դոլարի սնունդ, 540 միլիոն դոլարի հանքահումք:
Ինչ վերաբերում է ներմուծումներին, ապա բանախոսը նշեց, որ այս տարվա 10 ամիսներին Հյաաստան ներկրվել է 3 միլիարդ 234 միլիոն դոլարի ապրանք, որը 24 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Վազգեն Սաֆարյանի խոսքով, պետություն-մասնավոր գործընկերությունը պետք է դառնա ավելի ճկուն: Պետությունը ձեռնարկատերերին պետք է տրամադրի ցածր տոկոսադրույքով արդյունաբերական վարկեր:
Անցում կատարելով նախատոնական աննախադեպ թանկացումներին՝ Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ առևտրականները փորձում են օգտվել ամանորյա թոհուբոհից՝ համոզված, որ մարդիկ իրենց ընտանիքների համար գումար չեն խնայի և անհրաժեշտ ամեն բան կգնեն Նոր տարվա սեղանի համար:
«Անցած տարվա նախատոնական օրերի համեմատ՝ գները զգալի բարձրացել են: Եթե անցած տարի խոզի բդի մեկ կիլոգրամն արժեր 3200 դրամ, ապա այս տարի 3500 դրամից էժան գին չես հանդիպի: Բոլոր կանխատեսումներով, գալիք տարի թանկացումներ կնկատվեն նաև վառելիքի շուկայում: Մասնավորապես, բենզինի գինը կբարձրանա 10-15, դիզելային վառելիքինը՝ 20 դրամով»,-ամփոփեց Սաֆարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամանորից առաջ ձվի ու թռչնամսի շուկայում թանկացումներ չեն նախատեսվում. Թռչնաբույծների միության նախագահ
- Մեր գործընկերները հարցը մի քիչ ավելի սրացված են ներկայացրել. Վարդան Արամյանը՝ թանկացումների մասին
- Չեմ պատասխանում էդ հարցին. Արտակ Սարգսյանը՝ թանկացումների մասին
- Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. գեներալ Սարոյանը՝ թանկացումների մասին
- ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»