Թբիլիսիում Թումանյանի տունը վերակենդանացնում է թումանյանական ավանդույթները
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը, որի բացումը եղել է օգոստոսի 5-ին։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր ընտանիքի հետ 1903թ-ին տեղափոխվել ու մինչև մահ ապրել է հենց այս բնակարանում։ Թեև «Վերնատուն» գրական խմբակն այլևս չի գործել, բայց այս բնակարանում էլ նրան շարունակել են այցելել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական դեմքերը, ինչպես օրինակ՝ Ղազարոս Աղայանը, դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Նիկողայոս Մառը, Կոմիտասը և ուրիշներ։
Դեռևս 2012թ-ին Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ ու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկայանի աջակցությամբ գնվել է տան գրադարանի հատվածը, իսկ 2015թ-ին IDEA հիմնադրամի միջոցներով գնվել է նաև տան ժառանգություն մնացած հատվածը։ Շենքի 3-րդ հարկում գտնվող բնակարանն այժմ ծառայում է ի նպաստ թումանյանական մշակութային ավանդույթների պահպանմանը։
«Մենք նպատակ չունենք այս տունը դարձնել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Մենք ունենք ազգային հպարտություն հանդիսացող Թումանյանի թանգարանը Երևանում, ունենք Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը, և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը գալիս է ամբողջացնելու և կանգնելու նշված երկու թանգարանների կողքին։ Կենտրոնի նպատակն է Հովհաննես Թումանյանի տան, այնտեղ տիրող մթնոլորտի ու բարի ավանդույթների վերակենդանացումը»,-նշում է կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը։
Թումանյանի տանը կարելի է տեսնել նրա ընտանիքին պատկանած հինավուրց հայելին և բուխարին, հարուստ գրադարան, հին լուսանկարներ։ Այնտեղ են գտնվում նաև գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի երկու որմնանկար, վրացահայ ընտանիքի կողմից նվիրաբերված իրեր՝ 170 տարվա վաղեմության պահարան, ռոյալ, աթոռներ ու այլ պարագաներ, որոնք այցելուին վերադարձնում են 20-րդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
- Թբիլիսիում Թումանյանի տունը վերստին բացել է իր դռները
- Թբիլիսիում գտնվող Հ. Թումանյանի տունը գնորդ ունի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին