Հայաստանն ու Վրաստանը կարող են հասնել մեծ նվաճումների. ԱԺ պատգամավոր
Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները պայմանավորված են ոչ այնքան Եվրամիության հետ նրանց ունեցած հարաբերությունների մակարդակով, որքան երկու երկրների ընդհանրական շահերով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
«Իհարկե, ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները ևս գործոն են։ Դրանք բարենպաստ իրավիճակ են ստեղծում փոխհարաբերությունների խորացման տեսանկյունից, բայց այն հիմնական նախապայմանը չեն, որ պետք է ջերմացնեն հայ-վրացական հարաբերությունները։
Մենք ունենք բազմաթիվ ընդհանրական շահեր, որոնց մասին երեկ և այսօր բարձրաձայնել ՀՀ նախագահը՝ վրացական իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ։ Մենք նախևառաջ ունենք տարածաշրջանային անվտանգության հետ կապված համատեղ շահեր, մասնավորապես, Հայաստանն ու Վրաստանը միասին պետք է պատվար լինեն թուրք-ադրբեջանական տարածաշրջանային հեգոմոնիայի ստեղծման քաղաքականությանը։ Սա բխում է և Հայաստանի, և Վրաստանի ռազմավարական և անվտանգային շահերից»,- ասաց պատգամավորը։
Շիրակ Թորոսյանի խոսքով, երկու երկրները կարող են միմյանց հետ սերտ հարաբերություններ զարգացնել՝ ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանն ավելի խորը հարաբերություններ ունի ԵՄ-ի, իսկ Հայաստանը՝ ԵԱՏՄ-ի հետ։
«Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը, Հայաստանում գրանցված հայ-վրացական համատեղ ցանկացած ձեռնարկության արտադրանքի համար լայն դռներ են բացվում դեպի ԵԱՏՄ գնողունակ շուկա, ինչպես նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու միջոցով՝ դեպի իրանական հսկայական վճարունակ շուկա։
Հայ-վրացական հարաբերությունների զարգացման համատեքստում լուրջ հեռանկարներ կան նաև զբոսաշրջության, ՏՏ, էներգետիկայի ոլորտներում։ Համագործակցության պարարտ հող կա ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։ Կողմերը բավարար քաղաքական կամք դրսևորելու դեպքում կարող են հասնել մեծ նվաճումների։
Վրաստանը փոխարենը մեզ տրամադրում է տարանցիկ ուղիներ՝ Ռուսաստանի հետ կապվելու համար։ Հեռանկարային է նաև Վրաստանի վարչապետի այն հայտարարությունը, որ հնարավոր է՝ բացվի Ռոկիի թունելը՝ աբխազական տարածքով ճանապարհ բացելով դեպի Ռուսաստան։ Սա Լարսի հիանալի այլընտրանքն է։
Բացի այդ՝ Վրաստանը կարող է Հայաստանին հնարավորություն ընձեռել իր տարածքով ապրանքներ արտահանել ԵՄ շուկա»,- ամփոփեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը պատրաստ է Հայաստանի հետ շարունակել զարգացնել սերտ համագործակցություն. Իրակլի Կոբախիձե
- Սերժ Սարգսյանը հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ
- Սերժ Սարգսյանն այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն
- Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ. ՀՀ նախագահ
- Սերժ Սարգսյան. Օրակարգում է համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը
- «Նեզավիսմայա գազետա». Նախատոնական Թբիլիսին զարդարված է հայկական դրոշներով
- Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան