Հայաստանում արդար դատաքննության իրավունքի ապահովման կառուցակարգեր չկան. Արտակ Զեյնալյան
Անցնող տարում մարդու իրավունքների խախտումների մասին խոսելը դժվար է: Դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ «Ելք» դաշինք խմբակցության անդամ, պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ ավելի հեշտ կլինի ասել՝ որ իրավունքները չեն խախտվել, իսկ այդպիսիք չեն գտնվի:
«Ավելի հեշտ է թույլ չտալ, որ իրավունքը խախտվի, քան զբաղվել դրանց հետևանքների վերացմամբ: Մտահոգիչ է անձնական ազատության անձեռնմխելիության վիճակը՝ կալանք, ձերբակալություն, պահման պայմաններ: Եթե մարդը կարիք ունի դատական պաշտպանության իրավունքի, արդեն իսկ նրա արդար դատաքննության իրավունքը խախտված է, քանի որ չկան արդյունավետ կառուցակարգեր այդ իրավունքի ապահովման համար»,- ասաց Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող «ողջամիտ ժամկետի իրավունք»-ն ապահովելու համար պիտի լինեն բավարար չափով դատավորներ, իսկ նրանց թիվը նորմայից երեք անգամ պակաս է, հետևաբար այս իրավունքը ի սկզբանե խախտված է: Ըստ Զեյնալյանի՝ դատավորները գերծանրաբեռնված են, ուստի նաև դատական ակտի որակն է ցածր:
Հաշվի առնելով անցնող տարվա՝ ընտրական լինելը, պատգամավորը խոսեց նաև ընտրական իրավունքի՝ ընդհանուր վերցրած խախտումների մասին: «Այս անգամ ևս ազատ ընտրություններ չեղան, որովհետև դրա բաղադրատարրերից մեկը՝ կամքի ազատ ձևավորումը, խախտված էր: Ընտրակաշառքը համատարած է եղել, միաժամանակ՝ քաղաքական ուժերը հավասարության պայմաններում չեն գործել»,- ասաց նա:
Զեյնալյանը նշեց, որ խտրականության արգելքի օրենքը բացակայում է, այդ ոլորտում Մարդու իրավունքները պաշտպանված չեն: Նրա խոսքով՝ եթե մարդը գտնում է, որ խտրականության զոհ է, միանգամից պիտի դիմի ՄԻԵԴ, քանի որ Հայաստանում պաշտպանության հիմքեր չկան:
Հարցին՝ ինչու է ընտրությունից հետո միշտ թիրախում հայտնվում իշխանությունը, չէ՞ որ ընտրակաշառքներին մասնակից է լինում նաև հասարակությունը, Զեյնալյանը պատասխանեց. «Մենք չգիտենք՝ հասարակության որ մասն է գիտակցված ընտրություն կատարել, դա մեկի ընտրություն չէ: Չենք կարող սլաքն ուղղել նրանց դեմ: Եթե մարդիկ իրենց կամքով են ընտրել, պետք է հարգել այդ ընտրությունը, մենք չգիտեինք՝ նա ինչպես կքվեարկեր, եթե ճնշում չլիներ»:
Նա նշեց, որ այստեղ հարցն այն չէ՝ ում են կողմ կամ դեմ քվեարկել, այստեղ հարցը ճնշումների առկայությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան