2017 թվականն Արցախի համար համեմատաբար հանգիստ տարի էր. Դավիթ Բաբայան
2017 թվականն Արցախի համար կարելի է բնութագրել որպես համեմատաբար հանգիստ տարի՝ հատկապես հաշվի առնելով 2016 թվականի ապրիլյան պատերազմի անդառնալի կորուստները։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Պատերազմի հետևանքները մենք զգացինք ողջ 2017 թվականի ընթացքում։ Զոհեր ունեցանք նաև այս տարի։ Իհարկե, մարդկային կորուստները չենք կարող որևէ կերպ փոխհատուցել, բայց ընդհանուր առմամբ, անցնող տարին համամետաբար հանդարտ էր, քան 2016-ը, 2015-ը և 2014-ը»,- փաստեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով 2017-ի ձեռքբերումներին՝ Դավիթ Բաբայանն առանձնացրեց քաղաքականության, տնտեսության, մշակույթի և սպորտի ոլորտներում գրանցած մի շարք հաջողություններ։ Որպես առանձնահատուկ ձեռքբերում՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը մատնանշեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու պաշտոնական բացումը։
«Ամենակարևոր ձեռքբերումներից էր նաև ԱՄՆ Միչիգան նահանգի կողմից Արցախը ճանաչելու փաստը, ինչպես նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքների հետ քույր-քաղաքներ ճանաչվելու համաձայնագրերի կնքումը։
Իհարկե, մեծ աշխատանքներ են կատարվել հատկապես պաշտպանության, անվտանգության ոլորտներում, ամրացրել ենք մեր սահմանները, և հենց դա է պատճառը, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի համեմատաբար քիչ կորուստներ ունեցանք։
Անցնող տարվա ընթացքում ավելացավ Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը, ինչը ցույց տվեց, որ մարդիկ իրենց անվտանգ են զգում մեզ մոտ։ Այս ամենն, իհարկե, չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք։ Խնդիրներ առկա են, սակայն դրանք լուծելի են»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ 2017-ը նշանավորվեց նաև սահմանադրական հանրաքվեով։
Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ խաղաղության և կայունության պահպանումն արդեն իսկ նշանակում է, որ ընդհանուր առմամբ հաջողված տարի է եղել։
«Բանակցություններն ու հանդիպումները շարունակվել են, ինչը շատ կարևոր է։ Պահպանվել է բանակցային գործընթացի շարունակականությունը։ Ճիշտ է, Ադրբեջանն ըստ ամենայնի խուսափում է կոնկրետ քայլեր կատարելուց՝ չնայած միշտ հայտարարում է սուբստանտիվ բանակցությունների կարևորության մասին։ Բայց սուբստանտիվ բանակցությունների ամենահեշտ իրականացումը 2016 թվականի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումն է։ Սակայն նույնիսկ այստեղ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի սայլը տեղից չշարժվի։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է շարունակենք կարգավորման գործընթացը»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ամփոփելով՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը նկատեց, որ 2018-ը շատ կարևոր տարի է լինելու։
«Հատկապես հակառակորդի կողմից շահարկումների համար նպաստավոր տարի է լինելու։ 2018-ին պետք է նշենք Հայաստանի առաջին Հանարպետության 100-ամյակը, Արցախյան հիմնախնդրի ծագման 100-ամյակը, որովհետև 100 տարի առաջ ձևավորվեց Ադրբեջան արհեստածին երկիրը՝ իր հետ ծնելով նաև Արցախյան հիմնախնդիրը։ Ադրբեջանում հիշելու են այս ամենը։ Եթե գումարենք Ադրբեջանում գալիք տարի կայանալիք նախագահական ընտրությունները, Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակը, այս ամենը շահարկումների լայն դաշտ է բացելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին