Հայաստանի օդային տարածքով չվերթերի քանակը շուրջ 40 տոկոսով աճել է. Սերգեյ Ավետիսյան
2017 թվականին դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքը հատել է 2,5 մլն շեմը, ինչը նախորդ տարվա համեմատ 21 տոկոսով ավելի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ հավելելով, որ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 2,4 մլն մարդ, «Շիրակ» օդանավակայանում՝ 100 հազար:
Քաղավիացիայի վարչության պետը նշեց, որ օդանավակայաններում 18 տոկոսով աճել են թռիչք-վայրէջքները։ «Հայաստանի օդային տարածքի մայրուղիներով սպասարկված չվերթերի քանակը նույնպես կտրուկ աճ է արձանագրել՝ շուրջ 40 տոկոս»,- հավելեց նա:
Ըստ նրա՝ այս տարվա դեկտեմբերից սկսած Հայաստանում գործում է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգը, որը տարանցիկ չվերթներ իրականացնող ավիաընկերություններին հնարավորություն է տալիս ՀՀ օդային տարածք մուտք գործել ցանկացած կետից, այնուհետև ազատ տեղաշարժվելով հանրապետության օդային տարածքում, դուրս գալ նույնպես ցանկացած կետից։
«Սա ավիաընկերությունների համար մեծ խնայողություն է թե՛ վառելիքի, թե՛ ժամանակի առումով։ Այս քայլն արվել է, որպեսզի Հայաստանի օդային տարածքն ավելի գրավիչ դառնա ավիաընկերությունների համար՝ մեր պետության վրայով թռիչքներ իրականացնելու համար»,- նշեց Սերգեյ Ավետիսյանը:
Անդրադառնալով բեռնափոխադրումներին՝ վարչության պետն ասաց, որ այս տարի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բեռնափոխադրումը կազմել է 20 հազար 500 տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ շուրջ 30 տոկոսով ավելի է:
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանից դեկտեմբերի դրությամբ 28 ավիաընկերություն իրականացնում է կանոնավոր օդային փոխադրումներ՝ ամեն օր կատարելով 30-35 չվերթ։
Վարչության պետն ամփոփելով անցնող տարին՝ նշեց, որ ավելացել է նաև թռիչքների աշխարհագրությունը. «Նոր ուղղություններ, նոր ավիաուղիներ բացվեցին, մասնավորապես, Աստանայի, Դամասկոսի, Հուրգադայի, Թել Ավիվի, Բեյրութի և Մինսկի չվերթները»:
Ինչ վերաբերում է տեղական ավիաընկերություններին, Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ 2018 թ. ապրիլի կեսերից «Արմենիա» ավիաընկերությունը չվերթներ է սկսելու դեպի Լիոն և Քյոլն քաղաքներ:
Նա նաև հայտնեց, որ դեկտեմբերի 27-ին թուրքմենական ավիաուղիների կողմից առաջին չվերթն է իրականացվելու Աշխաբադից Երևան. «Հատկանշական է այն, որ այս չվերթը Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ իրականացվելու է «օդի 5-րդ ազատ օգտագործման իրավունքի» կիրառմամբ: Չվերթը լինելու է Աշխաբադ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշխաբադ ուղղություններով՝ շաբաթական դեռևս մեկ անգամ: «Եթե չվերթը պահանջված լինի ուղևորների կողմից, կարծում եմ, չվերթների ավելացման հնարավորություն կլինի»,- հավելեց վարչության պետը:
Սերգեյ Ավետիսյանը հայտնեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում են պահում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում մատուցվող ծառայությունների որակին: Ըստ նրա՝ 2018թ-ին օդանավակայաններում կստեղծվի մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվելու է շարժողական խնդիրներ ունեցող ուղևորներով: Մասնավորապես, հատուկ պատրաստվածություն ստացած աշխատակիցները համապատասխան օգնություն են ցուցաբերելու հաշմանդամություն, առողջական խնդիրներ ունեցողներ քաղաքացիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին