Վիրահայոց թեմի առաջնորդ․ Ջավախքի դպրոցներում ուսուցիչների պակաս կա
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները և համայնքին հուզող հարցերը:
Այս մասին նա ասաց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում։
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծեց Վրաստանի հայկական շատ դպրոցներում ուսուցիչների պակասի ու մանկավարժների վերապատրաստման անհրաժեշտության մասին:
«Շատ դպրոցներ ուսուցիչներով ապահովելու խնդիր ունենք: Իհարկե, սա Վրաստանի կրթության նախարարության խնդիրն է, բայց գիտենք, որ Հայաստանում անվճար ուսուցանում են Վրաստանից գնացած հայ երիտասարդների, ովքեր մանկավարժ դառնալու ցանկություն ունեն: Եվ նրանք հետո կվերադառնան այստեղ՝ հայկական դպրոցներում դասավանդելու, հատկապես Սամցխե-Ջավախքի և Քվեմո- Քարթլիի շրջաններում»,- նշեց Վիրահայոց թեմի առաջնորդը:
«Վրաստանում կա 120-ից ավելի հայկական դպրոց: Դրանցում հարյուրավոր մանկավարժների կարիք կա: Մենք Ջավախքում դպրոց ունենք, որտեղ ավարտած լավ աշակերտը չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց նույն դպրոցում դասավանդում է: Դրա համար կրթական մակարդակը ցածր է, և մենք այն բարձրացնելու խնդիր ունենք»,- նշեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նա հավելեց, որ ինքը ՀՀ Նախագահին խնդրել է, որպեսզի առավել աշխուժացվեն մշակութային կապերը Հայաստանի և Վրաստանի միջև:
«Մենք շատ լավ ենք ճանաչում Վրաստանը, վրացական մշակույթը, քանի որ հայերը շատ են Վրաստան այցելում, բայց վրացիները Հայաստան քիչ են այցելում և չեն ճանաչում Հայաստանն ու հայկական մշակույթը: Եվ հարկավոր է, որպեսզի աշխուժանան մշակութային կապերը: Մշակութային կապերի համատեքստում առանձնացրել ենք հայ ստեղծագործողների աշխատանքները, նաև արդի հայ գրականությունը պետական մակարդակով վրացերեն թարգմանելու հարցը: Այսօր այդ հարցերը լուծվում են կամ գրողների միության կամ ուղղակի անհատների միջոցով, իսկ հարկավոր է հայ գրականությունը վրացերեն թարգմանել, քանի որ Վրաստանում ընթերցանությունը շատանում է, շատ նոր գրախանութներ են բացվում, որոնք դառնում են գրքասերների ակումբներ»,- մանրամասնեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ Նախագահի հետ կարևորել է նաև հայ գործարարների կողմից Սամցխե-Ջավախքի շրջանում ներդրումներ անելու հարցը: «Շատ է անհրաժեշտ, որ տեղի բնակչությունը, բացի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներից, որը հիմնական զբաղմունքն է, այլ աշխատանքներ ևս ունենան, որպեսզի սոցիալական կյանքն այնտեղ ավելի ապահով լինեն, և մարդիկ չլքեն իրենց համայնքները»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ
- Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ. ՀՀ նախագահ
- Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
- Մոբիլ խմբերը Ջավախքի հայերին վրացերեն կսովորեցնեն
- Ջավախքի դպրոցներում ուսուցիչներին կրճատում են
- «Ջավախքի դպրոցների դասագրքերը շատ անորակ են»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան