2017-ին ԵԱՀԿ համանախագահությունը ակտիվ է աշխատել, այլ հարց է՝ որքան արդյունավետ. Կարեն Բեքարյան
2017 թվականի ընթացքում ականատես ենք եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախյան խնդրի կարգավորման առնչությամբ տասից ավելի հաղորդագրությունների և հայտարարությունների, ինչը ցույց է տալիս, որ միջնորդական կառույցի կողմից իրականացվող գործընթացը եղել է բավականին ակտիվ: Համանախագահությունը բավականին ակտիվ է աշխատել, այլ հարց է՝ որքան արդյունավետ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։
Արցախյան հիմնախնդրի մասին
«Ունեցել ենք նաև համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարություն, որն իր աստիճանով ավելի բարձր մակարդակ է: Ունեցել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հինգ հանդիպում, ինչպես նաև նախագահների մեկ հանդիպում՝ Ժնևոմ:
Բանակցային գործընթացը հիմնվել է մի քանի հիմնական ուղղությունների վրա: Մի կողմից դա Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև շղթան է՝ սահմանին լարվածությունը թուլացնելու, մյուս կողմից բանակցային գործընթացը տեղից շարժելու խնդրով: Այսինքն՝ միջնորդները և բանակցային կողմերն իրենց աշխատանքը փորձում են կառուցել երկու ուղղությամբ»,- նշեց բանախոսը:
Անդրադառնալով սահամանային իրավիճակին՝ Կարեն Բեքարյանը նշեց՝ բանակցային գործընթացում ակնկալել արդյունք, երբ շարունակվում են կրակոցները, և լինում են զոհեր, անտրամաբանական է: Եթե կողմերը իրական բեկում են ցանկանում, առաջին հերթին սահմաններին պետք է հանդարտություն լինի:
«Անցնող տարում սահմանային միջադեպերի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ: Ասել, որ լիցքաթափում է եղել՝ տարվա կտրվածքով, սխալ կլինի: Լիցքաթափման տարրեր կարելի է տեսնել միայն Ժնևյան հանդիպումից հետո»,- նշեց պատգամավորը՝ խիստ կարևորելով սահմանի վերազինման հարցը, ինչի արդյունքում էապես նվազել են դիվերսիոն ներթափանցման փորձերը:
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարը նաև շեշտեց, որ տարածաշրջանն իր մեջ պարունակում է թեժ գոտիներ, ինչը լարվածություն է փոխանցում նաև մեզ:
Տարածաշրջանի մասին
Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, ապա այդ երկրները շարունակել են փորձեր անել՝ մեկուսացնելու Հայաստանին: «Ադրբեջանի համար տարին ունեցել է որոշակի բարդություններ: Այդ երկրում շարունակում են հետընթաց արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպությունները: Մեծ աղմուկ բարձրացրեց նաև ՄԻԵԴ-ի վճիռն ի կատար չածելը: Երկրի իմիջին բավական մեծ հարված հասցրեցին կոռուպցիոն սկանդալների բացահայտումները, շարունակվեցին բռնաճնշումները քաղաքական որոշ գործիչների, լրագրողների և բլոգերների նկատմամբ»,- հիշեցրեց Կարեն Բեքարյանը:
Անդրադառնալով Կատալոնիայի և Քուրդիաստանի անկախության հանրաքվեներին՝ բանախոսը նկատեց՝ եթե Կատալոնիան, ունենալով ժողովրդավարության բարձր մակարդակ, սոցիալ-տնտեսական վերելքային վիճակ և չունենալով որևէ խնդիր կյանքի իրավունքի, անվտանգության և բռնաճնշումների հետ, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես կարող են չընկալվել այն դեպքերը, երբ անկախությունն անմիջականորեն վերաբերում է ժողովրդի գոյությանը: «Բավական հետաքրքիր իրավիճակ էր նաև իրաքյան Քուրդիստանում: Փեշմերգան, կառավարական զորքերին հավասար, պայքարում էր մեկ թշնամու դեմ: Այստեղ ևս անկախության խնդիր առաջացավ»,- հիշեցրեց խորհրդարանականը:
Ներքաղաքական զարգացումների մասին
Կարեն Բեքարյանը խիստ կարևորեց, որ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները բարձր գնահատականի են արժանացել միջազգային կազմակերպությունների կողմից: «Արցախում տարվա ամենակարևոր իրադարձությունը սահմանադրական հանրաքվեն էր: Սա ևս մեկ ապացույց և հիմնավորում է անկախ, լեգիտիմ գոյակցության, այսինքն՝ հանրությունը միասնական կարծիք արտահայտելու մեխանիզմ ունի»,-նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին՝ Կարեն Բեքարյանն ուշադրություն հրավիրեց այ հանգամանքի վրա, որ դրանում ամրագրվեց Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Այլ բան է, երբ խնդրի մասին հայտարարությամբ հանդես է գալիս որևէ երկրի որևէ պաշտոնյա, լրիվ այլ բան, երբ փաստաթղթում ներկայացված է 28 երկրների միասնական կարծիքը: Մենք նույն իրավիճակն ունենք նաև ՀԱՊԿ-ում»,- ամփոփեց ԱԺ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանացիների մեծ մասը դեմ է Կատալոնիայի անկախությանը
- Բարզանին սառեցրել է Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքները. Թուրքիայի արձագանքը
- Ժնևյան գագաթաժողովից հետո զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են. Նալբանդյան
- Այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին