Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցը կարող է բեկումնային դառնալ. Ջոնի Մելիքյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցը դրական էր՝ պոզիտիվ, կառուցողական: Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նա ընդգծեց՝ ինչ-որ չափով նախադրյալներ կան, որ այս այցը բեկումնային դառնա, բայց ամեն ինչ կախված է նաև վրացական կողմի արձագանքից: Մելիքյանը նշեց՝ ՀՀ նախագահը Թբիլիսիում ներկայացուցչական կազմով էր, և հիմնականում փակ ռեժիմում անցկացված, չլուսաբանվող հանդիպումների ընթացքում քննարկվել են գրեթե բոլոր հարցերը, որոնք կան միջպետական հարաբերություններում: Դրանցից վրացագետն առանձնացրեց տնտեսությունն ու անվտանգությունը:
ՀՀ և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն, ըստ Մելիքյանի, մոտ 24 տոկոսով աճել է, ընդ որում՝ Հայաստանից արտահանումն աճել է, Վրաստանից ներմուծումը՝ նվազել: Բանախոսը նշեց՝ Վրաստանը ֆիքսել է, որ այս տարին ռեկորդային է եղել զբոսաշրջային այցելությունների թվով. 7 միլիոն զբոսաշրջիկ է այցելել, որոնցից մեկուկես միլիոնը՝ Հայաստանից: 2018 թվականն, ըստ Մելիքյանի, հայ-վրացական հարաբերություններում կարող է լինել նոր մոտեցումներով, նոր էներգիայով լի տարի:
Հարցին՝ արդյո՞ք պատահականություն է, որ ՀՀ նախագահը Վրաստան է մեկնում ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո, Մելիքյանն արձագանքեց, որ համաձայնագրի ստորագրումը պարզապես լավ ֆոն է, սակայն չի կարող բան փոխել հայ-վրացական հարաբերություններում, այսինքն՝ որակական որևէ փոփոխություն այն չի բերի:
Անդրադառնալով բանակցություններում Ջավախքի ճանապարհների, լեզվի, ենթակառուցվածքների և այլ հարցերի քննարկմանը՝ վրացագետը նշեց, որ միջպետական հարաբերություններում ֆիքսված է՝ ոչ մի խնդիր չկա, կան հարցեր, որոնք լուծվում են: Նա ընդգծեց՝ ճանապարհների, գործազրկության հետ կապված հարցեր Վրաստանի այլ շրջաններում էլ կան: Հայաստանը կարող է խնդրել, որ նրանք Ջավախքի խնդիրների նկատմամբ մի քիչ ավելի ուշադիր լինեն, սակայն դրանք Վրաստանի ներքին խնդիրներն են, իսկ դասագրքերի և այլնի հետ կապված հարցերին, ըստ Մելիքյանի, հայկական կողմն աջակցելու է:
Վրացագետի խոսքով՝ Հայաստանը կարևոր է Վրաստանի համար նաև որպես ԵԱՏՄ անդամ երկիր, նա նշեց՝ Եվրասիական շուկան կարևոր է Վրաստանի համար, այն համար մեկ շուկան է իրենց առևտրային հարաբերություններում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի համար դրական է, որ Հայաստանը թևակոխում է ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր հարթություն. վրացագետ
- Հայաստանն ու Վրաստանը կարող են հասնել մեծ նվաճումների. ԱԺ պատգամավոր
- Վրաստանի հետ մեր հարաբերությունները կառուցում ենք ժամանակի ոգուն ու մեր հարուստ ժառանգությանը համահունչ. ՀՀ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին