Մեր տնտեսության վիճակը նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից պետք է և՛ քարերը հավաքենք, և՛ ջրենք. վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանին: Հարցազրույցի ժամանակ անդրադարձել են աղքատության, աշխատավարձերի բարձրացմանը:
Բաբկեն Թունյան- Աղքատության մասով՝ 2016 թվականի աղքատության մակարդակի մասին Ձեզ հարց չեմ տա, որովհետև ըստ էության դա Ձեր կառավարության հետ կապ չունի։ Բայց եկեք 2017 և 2018 թվականների վիճակը փորձենք կանխատեսել։ Թոշակները, պետական հատվածի աշխատավարձերը չեն աճել ու չեն աճելու, իսկ գներն աճել են և աճելու են։ Այսինքն՝ 2017 և 2018 թվականներին աղքատության մակարդակի էական նվազում դժվար թե լինի։ Մյուս կողմից՝ խոստացել եք աղքատության մակարդակը մինչև 2022թ. նվազեցնել 12 տոկոսային կետով՝ հասցնել 18%-ի։ 2 տարին հանենք, ստացվում է՝ 2019- 2022 թվականներին աղքատության մակարդակը պետք է կտրուկ նվազի։ Ինչի՞ հաշվին է դա լինելու։
Վարչապետ – Աշխատավարձի, թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում։ Մենք ունենք միջին աշխատավարձի 2.7% աճ։ Այո, մենք ասել ենք, որ 12 տոկոսային կետով նվազեցնելու ենք հինգ տարում։ Այո, առաջին տարում նվազումը քիչ է, սակայն դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ տարիներին էլ է այդպես լինելու։ Իհա՛րկե ոչ։ Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է և՛ քարերը հավաքենք, և՛ ջրենք, և՛ պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք և այդ սերմից օգուտ ստանանք։ 2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը, որովհետև մենք այս տարի հետագա կայուն աճի համար անհրաժեշտ շատ հիմքեր դեռ չենք դրել։ 2018-ին դա անելու ենք, օրինակ՝ կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ՝ 70%-ով ավելացրել ենք։ Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեկ տարում չենք կարող լուրջ թռիչք ունենալ աղքատության ցուցանիշի նվազեցման գծով, բայց հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի։
Բ.Թ.- Հենց սա է խնդիրը, շատերը Ձեր նշանակվելով՝ սպասում էին արագ փոփոխությունների։ Դուք հայտարարում էիք, որ արագ փոփոխություններ չեն լինի, բայց ամեն դեպքում՝ 1 տարի անցել է, երկրորդ տարին էլ կանցնի… Բնակչությունը ե՞րբ կսկսի փոփոխություններ զգալ, այդ աճը ե՞րբ կսկսի շոշափելի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա։
Վարչապետ–Մենք ասել ենք՝ ամեն տարի գործողություններ ենք անելու, որ դրական փոփոխությունները զգացվեն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը միաժամանակ կզգան դա և նույն չափով. մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։ Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե մենք 2018, 2019 թվականներին նույն քաղաքականությունը վարենք, մարզպետներն ու համայնքապետերը աշխատեն այդ ուղղությամբ, ներքին ներդրողի ակտիվությունն աճի, պետական կառավարման համակարգում բյուրոկրատիան նվազեցնենք, օրենսդրական դաշտը բարելավենք՝ այդ ամենը ժամանակ է պահանջում։ Այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն։
Հարցազրույցի մանրամասներն՝ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա ունենք ստարտային մի վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ. վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետի պաշտոնի շուրջ ստեղծված անորոշ վիճակը բացասաբար է ազդում բիզնեսի վրա