Ամանորը որկրամոլության մրցավազք պետք է չլինի. Սեդրակ Մամուլյան
Ամանորը սեղանների մրցակցության տոն չէ, այլ՝ ընտանեկան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը նշեց, որ Հայաստանում Ամանորի տոնը վերածվել է մրցակցության:
«Իրականում ասում ենք՝ ընտանեկան տոն է, ու շատ դեպքերում դուրս ենք գալիս երկրից, նշում, բայց ինչ ընտանիք՝ առանց տան, մենք ընտանեկան տոնը պետք է տանը նշենք: Որկրամոլության մրցավազք պետք է չլինի: Առավոտյան երբ լցնում ենք սեղանը, դա ձեզ չի՞ ճնշում»,- ասաց նա:
Մամուլյանը նկատեց՝ երեսուն և ավելի տարվա իր գործունեության ընթացքում հասկացել է՝ մարդը սկսում է ճաշակել աչքով, և աչքի միջոցով շատ ծանրաբեռնված սեղաններ տեսնելուց հետո մարդու ուղեղին վախի ինֆորմացիա է գնում, մարդը դա չի հասկանում:
«Անգամ հարսանիքներից հետո դուրս ենք գալիս, ասում ենք՝ սովածացանք, թեպետ ամեն ինչ առատ էր: Վախի զգացողությունն արդեն հաղորդված է. օրգանիզմը վախենում է՝ այդքան ուտելիքն ինչ պիտի անի, ոնց պիտի անի»,- նշեց նա:
Խոհարարի խոսքով՝ սեղանը պիտի առատ լինի, բայց սեղանին ոչ թե չտեսնված, չլսված, անհավանական կենդանիների մասեր պիտի լինեն, այլ մառանի առատ մթերքները: Մամուլյանը նշեց՝ օգոստոսի 11-ին հայերը և Նավասարդ են նշել, և բերքի տոն, այսինքն՝ սեղանին դրվում էր այն, ինչ ունեին մառանում, նաև՝ միս:
«Այս մրցավազքում, հատկապես՝ այս սոցիալական ծանր վիճակում, գոնե այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն, պիտի հասկանան, որ իրենց այդ դրսևորումներով վատ վիճակի մեջ են դնում մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն, չէ՞ որ մենք նույն ազգն ենք, նույն ժողովուրդը, բարեկամներ ենք, չի կարելի»,- ասաց նա:
Մամուլյանն ընդգծեց՝ այս հարցի նկատմամբ վերաբերմունք պիտի ցուցաբերեն հնարավորություն ունեցող մարդիկ, նրանք պիտի ցույց տան, որ սա այն տոնն է, երբ զանգը հնչում է, և ընտանիքի ավագի գլխավորությամբ նորամուտն են շնորհավորում ու բարին կամենում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան