Հաբեթնակ Կուրղինյան. Երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունենք
Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այս տարի այն ընտրական էր: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով անակնկալներ հիմնականում չեն գրանցվել, հաղթել են ուժեղները:
«Մրցաշարի արդյունքները բավարար եմ համարում, բայց մարզիչը միշտ ավելին է ցանկանում: Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսեւորեցին, տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան, նրանք մեծ ներուժ ունեն: Սակայն աշխատելու տեղ իհարկե շատ կա»,-ասել է նա:
Մրցաշարն անցկացվել է նոր կանոններով:
«Սա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ հաջորդ տարի հենց այդ կանոններով ենք հանդես գալու միջազգային մրցագորգերում: Երկու օր կշեռք, երկու քաշային կարգի ավելացում (79 կգ եւ 92 կգ) և այլն: Կարծում եմ՝ փոփոխությունները մեր վրա դրական ազդեցություն կունենան: Հունվարի 17-ից Ծաղկաձորում հավաք կանցկացնենք: Սկսում ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մինչև աշխարհամասի առաջնությունը եւս մի քանի հավաք ու միջազգային մրցաշար կունենանք, որպեսզի մեր տղաները լիարժեք պատրաստ լինեն»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչը նաև հակիրճ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները. 2017 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալ են ունեցել:
«Վատ չէ: Բայց, ես կուզեի չեմպիոն տեսնել, որի համար տարիների մեծ աշխատանք է հարկավոր: Կփորձենք առաջիկայում անպայման հասնել ոսկե մեդալին: Հիմա մեր գլխավոր նպատակն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Հավաքականի կազմում կընդգրկենք նաեւ երիտասարդ տղաներին, որոնք Տոկիո 2020-ի համար ավելի հեռանկարային են»,- ասել է մարզիչը:
Հարակից հրապարակումներ`
- Հաբեթնակ Կուրղինյան. Խոստումնալից ըմբիշներ ունենք
- Հաբեթնակ Կուրղինյան. Ցանկանում էի, որ տղաները մինչև վերջ պայքարեն
- Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել
- Հաբեթնակ Կուրղինյան. Ալի Ալիևի մրցաշարին կմասնակցի հինգ ազատ ոճի ըմբիշ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան