Փոխնախարար. Մինչ այս պահը տաք եղանակը դրական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության վրա
Դեկտեմբերյան տաք օրերը մինչ այս պահը միայն դրական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի համար:
«Նախ ցրտահարության վտանգ չկա, երկրորդ՝ ջրամերձ տարածքներում խոշոր և մանր եղջերավոր կենդանիները դուրս են բերվում արոտի, այսինքն՝ կուտակված խոտի խնայողություն է լինում: Սա շատ կարևոր է, քանի որ երաշտի հետևանքով մենք խոտի պակաս ունեինք»,-Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Բացի այդ, ըստ փոխնախարարի, բարձր ջերմաստիճանով պայմանավորված ջերմատներում էներգակիրները քիչ են օգտագործվում, ինչն էլ նշանակում է, որ այնտեղ աճեցված ծաղիկի, լոլիկի, վարունգի ու այլ կուլտուրաների ինքնարժեքը կլինի համեմատաբար ցածր:
Տաք օրերին գյուղատնտեսները կարող են նաև կիսատ մնացած գործերն ավարտին հասցնել՝ հողը մաքրել բուսական մնացորդներից, վարել, այգին թաղել:
Բայց եթե ջերմաստիճանն առաջիկա տասն օրերին շարունակի բարձրանալ, այդ դեպքում խնդիրներ կառաջանան. ծառերը կարող են բողբոջել:
«Այս պահին բազմամյա ծառերը, խաղողի վազերը գտնվում են հարաբերական հանգստի շրջանում: Հյութաշարժությունն իրենց մոտ դադարեցված է: Եթե գիշեր-ցերեկ տաք լինի, կսկսի հյութաշարժությունը, ինչի հետևանքով էլ որոշ ծառեր՝ կեռասենին, հոնը կսկսեն բողբոջել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է աշնանացան ցորենի, գարու ու այլ ցանքատարածություններին, ապա Հարությունյանի խոսքով, այս պահի դրությամբ գիշերը գրանցվում է ցածր ջերմաստիճան, ինչի արդյունքում բալանսը դեռ պահպանվում է:
«Ամենավտանգավոր բանը, գյուղատնտեսության համար որ կարող է լինել, այս տաք եղանակին առանց ձյան տեղումների ու ձյան ծածկույթի ձևավորման կտրուկ բացասական ջերմաստիճանի հաջորդելն է: Դա վատ հետևանքներ կունենա աշնանացան բոլոր բույսերի համար»,-բացատրեց ոլորտի մասնագետը:
Իսկ եթե բնությունը բարեգութ գտնվի ու բարձր ջերմաստիճանին հետևեն ձյան տեսքով տեղումները, ձնաշերտ կուտակվի, ապա ըստ փոխնախարարի, դա կլինի ոչ թե լավ, այլ արտակարգ:
Գյուղատնտեսության նախարարությունն այս օրերին ակտիվ շփումների մեջ է նաև մեղվաբույծների հետ:
«Մենք հորդորել ենք, որ ուշադիր լինեն: Տաք եղանակի դեպքում մեղուն ակտիվանում է, սկսում է կուտակած պաշարն ուտել: Մենք զգուշացրել ենք, որ հնարավորության դեպքում պահուստն ապահովեն»,-ասաց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին