ԵԱՏՄ շրջանակներում խաղի կանոնները Հայաստանում մոնոպոլիան ուժեղացնում են. Ստեփան Գրիգորյան
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս՝ վերադառնալ բազմավեկտոր քաղաքականությանը: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ տեսակետը, թե Հայաստանը «և…, և…»-ի քաղաքականություն է վարում, արդարացված չէ:
«Մի քանի օր առաջ Կառավարությունը Գազպրոմին փոխանցեց այն գազային խողովակաշարը, որ կառուցվել է Իրանի կողմից: Համաձայնագիրը «և…, և…» չի տալիս, այլ շանս, որ վերադառնանք «և…, և…»-ին՝ և էներգետիկայի, և ավիացիայի ոլորտում, որտեղ մենաշնորհներ կան, այն հնարավորություն է տալիս կոռուպցիայի դեմ պայքարել, մի շարք սոցիալական հարցեր լուծել»,- ասաց նա: Գրիգորյանի խոսքով՝ ողջունելի է, որ համաձայնագիրը ստորագրվեց, բայց պետք է սկսել այն իրականացնել:
Անցնող տարում երկրորդ դրական փոփոխությունն, ըստ քաղաքագետի, փոքր տեղաշարժն է ԼՂ հարցում: Ու թեպետ հասկանալի է, որ այս հարցի լուծումը Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության շնորհիվ չի երևում և շուտ չի լինի, բայց դրական էր այն, որ երկու երկրների նախագահների Ժնևյան հանդիպումից հետո սահմանին գոնե ավելի քիչ են կրակում:
«Նախորդ տարի Վիեննայի հանդիպումից հետո եղած մթնոլորտն ամրագրվեց, ամրապնդվեց, ու գուցե այն, որ լարվածությունն այդքան կոշտ չէ, ուժեղ չէ, դրա արդյունքն է: Թրենդը փոխվում է, գուցե, եթե այդպես շարունակվի, կես տարուց հնարավորություն կունենանք վերականգնել բանակցային գործընթացը»,- ասաց նա:
Երրորդ դրական բանն, ըստ Գրիգորյանի, կապված է ԵԱՏՄ-ի հետ: Նրա գնահատմամբ՝ դրական է այն, որ հասարակությունը տեսնում է այդ անդամակցության բացասական արդյունքները, անգամ պետական մակարդակով ասում են, որ այդ ինտեգրացիան ոչ բոլոր սպասելիքներն է արդարացնում: Քաղաքագետի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակներում խաղի կանոններն ուժեղացնում են մոնոպոլիան Հայաստանում. Վրաստանի հետ մանր առևտուրը սահմանափակվեց, Իրանի հետ նավթամթերքների մուտքը Հայաստան սահմանափակվեց, հիմա էլ աջակողմյան ղեկով մեքենաների շահագործման հարցն է առաջացել:
«Դուք կասեք՝ սրանք կապվա՞ծ են ԵԱՏՄ հետ, սակայն կտեսնեք, որ մեր մոնոպոլիստները շատ լավ օգտագործում են այդ մեխանիզմները՝ մոնոպոլիաներն ավելի ուժեղացնելու համար: Ես դրական եմ համարում, որ բոլորին պարզ է, որ գոնե մոտ ժամանակներս ԵԱՏՄ շրջանակներում լավ սպասելիքներ չեն կարող լինել»,- ասաց նա:
Խոսելով Երուսաղեմի հարցով քվեարկության մասին՝ քաղաքագետը նշեց՝ զարմացած է, որ Հայստանը կողմ քվեարկեց այն բանաձևին, որն ուղղված է ԱՄՆ դիրքորոշման դեմ, ոչ միայն՝ այն պատճառով, որ դա հզոր երկրի դիրքորոշում է, որ պետք է հարգել, այլև այն, որ Հայաստանն այդ գործընթացում չկար:
«Դուք լսե՞լ եք, որ քսան տարում Հայաստանը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ կապված որևէ բան ասի: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է չմասնակցեր, անգամ սխալ կլիներ, եթե մասնակցեինք ու ձեռնպահ լինեինք»,- նշեց նա: Գրիգորյանը թվարկեց այն երկրների անունները, որոնք քվեարկությանը չեն մասնակցել՝ Վրաստան, Ուկրաինա, Չեխիա, Լատվիա, այս երկրներն ակտիվ աշխատում են և ԵՄ հետ, և ԱՄՆ, և կախվածության մեջ են այդ երկրներից:
Նա հորդորեց՝ չմոռանալ՝ ումից ենք աջակցություն ստանում. ԵՄ երկրները, ԱՄՆ-ն ու Ճապոնիան երկրները Հայաստանին աջակցում են, իսկ Հայաստանը նրանց դեմ է քվեարկում, Ռուսաստանը չի աջակցում, սակայն քվեարկում ենք Ռուսաստանի ուզածով: Գրիգորյանի կարծիքով՝ այս որոշումը, հարցը, որ հայ ժողովրդի հետ որևէ կապ չունի, հետևանքներ կունենա Հայաստանի համար:
Իրանի հետ համագործակցությանն անդրադառնալով՝ քաղաքագետն ընդգծեց՝ պետք է անցնել գործի, դեռ 10 տարի առաջ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց կառուցել երկու ՀԷԿ՝ Արաքս գետի վրա, սակայն ռեալ աշխատանքներ գրեթե չեն կատարվում: «Որքա՞ն կարելի է խոսել ներուժի մասին, պոտենցիալն այսօր էլ մեծ է, Իրանի կողմը պատրաստ է, ուրեմն Հայաստանը խոսքից պետք է անցնի գործի»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան