Կոնվենցիայի վերաբերյալ վերապահումները միտված են խնդրահարույց հարցերը շրջանցելուն
Գործադիրն այսօր հավանության արժանացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: 2011 թվականին ընդունված այս փաստաթուղթը, որ հայտնի է նաև որպես «Ստամբուլի կոնվենցիա», նպատակ ունի կանխարգելել կանանց նկատմամբ բռնությունն ու սահմանել բռնության զոհ դարձածների պաշտպանության համար իրավական մեխանիզմների շրջանակ:
Դատելով կառավարության նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններից՝ Հայաստանը կոնվենցիային միանում է որոշակի վերապահումներով: Սա նշանակում է, որ փաստաթղթում առկա մի շարք դրույթների մասով, որոնք խնդրահարույց են հայկական սոցիո-մշակութային իրականության տեսանկյունից, Հայաստանը պարտավորություններ չի ստանձնում, հետևաբար չի կիրառելու ներպետական օրենսդրության մեջ: Թե որոնք են այդ հարցերը, առայժմ վաղ է խոսել: Ըստ ամենայնի, դրանց մասին կխոսվի փաստաթուղթը խորհրդարանում վավերացման ներկայացնելու ժամանակ:
Հատկանշական է Հայաստանն այս առումով միակը չէ: Կոնվենցիային վերապահումներով են միացել նաև ԵԽ անդամ մի շարք այլ երկրներ, որոնց թվում՝ Լեհաստանը, Լատվիան, Սերբիան, Ռումինիան, Վրաստանը: Մեկ այլ հետաքրքիր փաստ էլ այն է, որ շուրջ երկու տասնյակ երկիր թեև միացել են կոնվենցիային սակայն մինչ օրս չեն վավերացրել այն: Ուստի չի բացառվում, որ Հայաստանը ևս հայտարարելով փաստաթղթին միանալու մասին, ըստ որում՝ վերապահումներով, առաջիկայում կփորձի ձգձգել այն վավերացնելու գործընթացը: Ավելին՝ չի բացառվում, որ փաստաթուղթն առհասարակ վավերացման ընթացակարգ չանցնի:
Բնականաբար, հարց կառաջանա, թե այդ դեպքում ինչումն էր միանալու անհրաժեշտությունը: Պատասխանն ակնհայտ է՝ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ընդառաջ կոնվենցիային միանալը հնարավոր է՝ դիտվում է որպես անհրաժեշտ պայման: Եվ կառավարությունն այս քայլով ընդամենը ապահովում է ԵՄ հետ փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունը: Իսկ վերապահումներն անհրաժեշտ են խնդրահարույց դրույթներից խուսափելու համար: