Քրեական գործեր` ոստիկանների, ՔԿՀ աշխատակիցների և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
ՀՔԾ-ից հաղորդում են. «Դեկտեմբերի 13-ին բնակարանային գողության մեջ մեղադրվող Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ոստիկանության ծառայողները 22.11.2017թ.-ին Արարատի մարզի բնակարաններից գումարի և ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Այդ ընթացքում իր մոտ հայտնաբերվել են մի շարք իրեր, այդ թվում` 10.000 և 5.000 ՀՀ դրամանոց թղթադրամներ: Սակայն արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետև նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը ևս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:
Մյուս քրեական գործը հարուցվել է Սյունիքի մարզի բնակիչ Ա. Զ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 21.11.2017թ.-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցն իրեն տարել է Երևան, որտեղ ոստիկանության ստորաբաժանումներից մեկում մի քանի ոստիկաններ ահաբեկել են իրեն` ստիպելով ցուցմունք տալ, թե, իբր, ներկա է գտնվել 23.02.2017թ.-ին տեղի ունեցած` դիտավորությամբ Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքին և տեսել է վերջինիս հարված հասցրած անձին: Հակառակ դեպքում ոստիկանները սպառնացել են իրեն և ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության ենթարկել»։
Հարցուցված քրեական գործերի մասին մանրամասն՝ ՀՔԾ պաշտոնական կայքում։