ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին չի զարմացնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության հետ՝ այն է, թե Սիրիայի նախագահը ահաբեկիչ է:
Ըստ Զախարովայի՝ այդ հայտարարություններն իրավական հիմքեր չունեն:
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակը նշեց, որ թեև կա թվացյալ մերձեցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև, սակայն ինքն այն կարծիքին է, որ Թուրքիան Հարավային Կովկասում շարունակում է մնալ Ռուսաստանի համար մեկ մրցակիցը, եթե ոչ հակառակորդը:
«Թուրքիան ու Ռուաստանն, արդեն 300 տարի է, մրցակցում են և հակառակորդ պետութուններ են Կովկասյան տարածաշրջանում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր շահերը, նրանք օբյեկտիվորեն չեն կարող լինել դաշնակիցներ, բայց մերձեցումներ կարող են լինել՝ որոշակի շահերից ելնելով: Գլոբալ առումով Թուրքիան ու Ռուսաստանը տարբեր պետական շահեր ունեն այս տարածաշրջանում, նրանց կարծիքները տարբեր են ոչ միայն Սիրիայի հարցում, այլև ՌԴ-ի համար շատ կարևոր Ղրիմի հարցում, որտեղ Ռուաստանի ու Թուրքիայի կարծիքները բավականին իրարամերժ են»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ միայն քաղաքագիտություն կամ ռուս-թուրքական հարաբերություններից չհասկացող մարդիկ կարող էին եզրակացություն անել, թե ՌԴ-ն Էրդողանի հայտարարության հետ կապված պաշտոնական հայտարարություն չի անի կամ չեզոքություն կպահի: Այսպիսով, ըստ նրա, ՌԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում ի շահ Թուրքիայի զոհաբերել իր պետական շահը: