Եթե ադրբեջանցիները սա փորձում են ներկայացնել որպես փոխզիջում, կասենք՝ բարև ձեզ. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում անցնող քաղաքական տարին: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստօց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց, որ այս տարի կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնք ստացան միջազգային կազմակերպությունների և միջազգային դիտորդական առաքելությունների բացարձակ դրական վերաբերմունքը. «Ավելին՝ մենք ունենք կայուն քաղաքական վիճակ, որն ամենաանհրաժեշտ գործոններից մեկն է թե տնտեսական աճի, թե առհասարակ զարգացման համար»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա՝ ՀՀ-ն գնում է հստակ ժողովրդավարացման ճանապարհով. «Դրա մասին է վկայում նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև մենք կարողացանք լուրջ քայլեր ձեռնարկել մեր անվտանգության համակարգի ամրապնդման, բանակի պաշտպանունակության բարձրացման, արտաքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Կարողացանք որոշակի դրական տեղաշարժեր ապահովել թե արցախյան հիմնախնդրի, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»:
Հարցին՝ ինչպես կարձագանքի Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, թե պատրաստ են Արցախին տալ բարձր կարգավիճակ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ նման հայտարությունները հիմնազուրկ են ու անհեթեթ:
«Ինչպես կարող է մի պետությունը մեկ այլ անկախ պետության տալ ինչ-որ կարգավիճակ: ԼՂՀ-ն նույն իրավական ու օրենսդրական հիմքերով է առաձնացել ԽՍՀՄ-ից: Դա ուշացած, անհեթեթ, ոչինչ չտվող հայտարարություն էր, կա Մինսկի խմբի ձևաչափ, կա ՀԱՊԿ-ի դեկտեմբերյան հայտարարությունը, կա նաև Բրյուսելում համաձայնագրի ժամանակ ԵՄ-ի նշումները երեք սկզբունքների միասնական կիրառման ու ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այս իմաստով նման հայտարարություններն անիմաստ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Չի կարող մի անկախ երկիրը մեկ այլ անկախ երկրի տրամադրել կարգավիճակ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բանակցում է երկու կարևոր հարցի շուրջ, ինչի մասին խոսել է Հայաստանի Նախագահը Ժնևում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Նա հստակ նշել է, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի մաս: Երկրորդը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքները մեզ համար շատ կարևոր են: Այս երկու հարցերում Հայաստանը և Արցախը որևէ զիջման գնալու խնդիր չունեն: Եթե ադրբեջանցիները փորձում են սա ներկայացնել որպես փոխզիջում, ընդամենը մի բան կարող ենք ասել՝ բարև ձեզ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: